Արմինֆո. Հայաստանում Գերմանիայի դեսպանության կողմից հատուկ հրավիրված մի քանի հարյուր մարդ երեկ երեկոյան հնարավորություն է ստացել դիվանագիտական ներկայացուցչության շենքում ուղիղ ռեժիմով հետևել ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններին և տեղի ունեցողի մասին մեկնաբանություններ ստանալ դեսպանության առաջին դեմքից` Հայաստանում ԳԴՀ դեսպան Բերնհարդ Մաթիաս Կիսլերից:
Նախ, հրավիրյալներին առաջարկել են հատուկ նախապատրաստված բլանկների վրա կիսել իրենց կանխատեսումներն առաջիկա ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական կանխատեսումները փոքր-ինչ տարբեր էին ամփոփված նախնական արդյունքներից, հյուրերից երեք երիտասարդների կանխատեսումները բավականին մոտ են եղել արդյունքներին, և երեկոյի վերջում նրանք դեսպանից խորհրդանշական նվերներ են ստացել:
Այն, որ Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միությունն առաջատար կլինի Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում, թերևս, ոչ ոք չէր կասկածում, սակայն ձայների 33 տոկոսը կուսակցության համար ամենավատ արդյունք է` 1949 թվականից ի վեր: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Մարտին Շուլցը, ստացել է 20 տոկոսից քիչ ավելի, սակայն անմիջապես հայտարարել է, որ չի մասնակցի կոալիցիային և մտադիր է ընդդիմադիր կեցվածք ընդունել: Սակայն սենսացիոն է «Այլընտրանք Գերմանիայի համար՚ ծայրահեղ աջ կուսակցության հավաքած 13 տոկոսը, որը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման և եվրոյից հրաժարման օգտին: Բունդեսթագ է անցել, ընդամենը, վեց կուսակցություն, այդ թվում` Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերն՚ ու «Աջերը՚: Ընտրությունների արդյունքում կձևավորվի Գերմանիայի նոր կառավարությունը: