Արմինֆո. Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքնեիր վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը` Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին` Ֆրանսիա, եւ Էնդրյու Շեֆերը` ԱՄՆ) Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ առանձին, այնուհետեւ համատեղ հանդիպումներ են ունեցել: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Անց կացված խորհրդատվությունների հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ուղիների ուսումնասիրումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը՚, - ասվում է հայտարարության տեքստում:
Նաև ընդգծվում է, որ համանախագահներն ակնկալում են, որ բարձր մակարդակի առաջիկա հանդիպումը կնպաստի վստահության խորացմանը եւ կողմերի քաղաքական կամքին՝ հակամարտության կարգավորման առանցքային հարցերով փոխզիջումային լուծումներ գտնելու գործում: Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները համանախագահների հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել՝ մոտ ապագայում բարձր մակարդակի հաջող հանդիպում նախապատրաստելու գործում:
Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ համանախագահները հանդիպել են նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ՝ տեղերում իրավիճակը, նաեւ խաղաղ կարգավորման գործընթացում վերջին իրադարձությունները քննարկելու եւ բարձր մակարդակով հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու մասին տեղեկացնելու համար: Հայտարարությունում նաև նշված է, որ համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել հոկտեմբերի սկզբին: