Արմինֆո.Ադրբեջանի Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի անդամ, պատգամավորը Ռաֆայել Ջավրաիլովը հնարավոր է համարում, որ «ինչ-որ ադրբեջանցի» կարող է շիշը կոտրել Բաքու ժամանած հայկական պատգամավորների գլխին:
Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, վկայակոչելով Qafqazinfo-ին, ադրբեջանցի պատգամավորը չար մտադրություն է տեսնում նրանում, որ «հայ պատգամավորները Բաքվում լուսանկարվում են լիքը գավաթները ձեռքներին, տարածելով այդ լուսանկարները ցանցում»: Ըստ պատգամավորի, նման լուսանկարներով հայ պատգամավորները միտումնավոր կերպով հրահրում են ադրբեջանցիներին, որպեսզի որևէ մեկը չկարողանա իրեն զսպել և հայերի վրա հարձակվի բռունցքներով:
«Գավաթներով լուսանկարները հայ պատգամավորներն արել են իր հյուրանոցային համարներում: Եթե նրանք նստած լինեին ռեստորանում և իրենց պահեին անպատշաճ ձևով, ինչ-որ ադրբեջանցի, անշուշտ, խմիչքի շիշը կջարդեր նրանց գլխին: Անկեղծ ասած, եթե այդպես պատահեր, ապա դա կլիներ իմ սրտով: Չնայած, դատելով սառնասրտորեն, ես նաև հասկանում եմ, որ դա մեթոդ չէ», - հայտարարել է պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովը:
Սեպտեմբերի 22-ին Բաքվում տեղի է ունեցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը: Ինչպես հայտարարել է Աշոտյանը, հանդես գալով Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, հակամարտությունից տուժում են բոլոր կողմերը, և, հետևաբար, դրանք անհրաժեշտ է դիտարկել և քննարկել, ելնելով մարդասիրության և մարդու իրավունքների սկզբունքների, անկախ քաղաքական, էթնիկ և կրոնական տարբերություններից: Այս համատեքստում նա ադրբեջանական կառույցներին կոչ է արել երիտասարդ սերնդի մոտ չսերմանել հայատյացություն և քսենոֆոբիա, ինչը բացասական հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանում: Նախօրեի երեկոյան, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, հայ խորհրդարանականները Facebook սոցիալական ցանցում տեղադրել էին մի լուսանկար և ստորագրել. «Այս տոնը մենք դիմավորեցինք ճանապարհի վրա: Վերջապես ժամանեցինք Բաքու: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Մենք ուժեղ ենք միասին: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը»: