Արմինֆո.Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին, ընդհանրապես, չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն` ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, որն առնչվել է ադրբեջանական և ռուսական մի շարք լրատվամիջոցների այն հաղորդումներին, թե ներկայում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում, ի թիվս այլ զինատեսակների, կիրառվում է Չեխիայում արտադրված «Դանա» հրետանային համակարգը:
Չեխիայի ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես, նշվում է, որ, սովորաբար, այս կամ այն զինատեսակի վաճառքի արտոնագիրը տրամադրում է Արդյունաբերության և առևտրի նախարարության լիցենզավորման վարչությունը, որը հաշվի է առնում համապատասխան գերատեսչությունների՝ Ներքին, Պաշտպանության և Արտաքին գործոց նախարարությունների պաշտոնական հիմնավորումները: Ապա Չեխիայի ԱԳ նախարարությունը նշում է, որ Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին:
«Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում: Չեխիայի արտաքին գործոց նախարարությունը տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով են չեխական արտադրության զինատեսակները հայտնվել Ադրբեջանում: Նախարարությունը կշարունակի քննել այդ հարցը՚, - ասվում է հայտարարությունում:
Նախարարությունը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական լուծումն անընդունելի է Չեխիայի համար: «Չեխիան սատարում է խնդրի խաղաղ կարգավորումը, որը կհիմնվի փոխզիջման սկզբունքի վրա և կհամապատասխանի միջազգային իրավունքին: Չեխիան շարունակում է սատարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա երեք համանախագահների ջանքերին՚, - ասվում է հայտարարությունում:
Արմինֆո.Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը դարձավ վերջին ժամանակներում Հայաստանի և Չեխիայի միջև կարևորագույն իրադարձություններից մեկը, ասել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, նախաձեռնություն ներկայացնելով երկրի խորհրդարան, դրանով իսկ կատարեց 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր տված խոստումը: