Արմինֆո.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին:
«Պատվո ու պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձեւաչափից եւ օգտագործված ձեւակերպումներից: Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարեւոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար՚, - հայտարարել է ՀՀ նախագահը: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: «Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, եւ մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ եւ պաշտպանել այդ նախաձեռնությունը», - հաղորդել է Ս.Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: «Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել եւ հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից եւ ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից: Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ՚, - հայտարարել է Հայաստանի նախագահը:
«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների: Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարեւան պետություններ պարտավոր են հիմնել եւ վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջեւ հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու եւ դրանց լուծումները գտնելու նպատակով», - հայտարարել է ՀՀ նախագահը, հավելելով, որ Հայաստանը հենց այդ համոզմունքով է ղեկավարվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներին իր մասնակցությունն իրագործելից:
Արմինֆո.«Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը: Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև այդ երկրի հայ համայնքը՚, - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթում:
Արմինֆո. «Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գլխավոր պայմանն է՚, - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի ամբիոնից:
Արմինֆո. Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում:
Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: