Արմինֆո. Մադրիդյան սկզբունքներն ամենևին Հայաստանի երազանքը չեն: Սեպտեմբերի 18-ին «Փոխադարձ վստահություն, միասնություն և պատասխանատվություն» կարգախոսով Երևանում ընթացող Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
1992 թվականից ի վեր ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ընթացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում 2007 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ քաշած և 2009 թվականին թարմացված «մադրիդյան սկզբունքներն են՚, որոնք նախատեսում են նաև խաղաղապահ զորակազմի տեղակայում հակամարտության գոտում:
«Այդ սկզբունքները մենք չենք առաջարկել, դրանք առաջարկել են միջնորդները: Եվ հակամարտող երեք կողմերից դրանք որպես բանակցությունների հիմք ընդունել են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Արցախը դրանք չի ճանաչում նույնիսկ որպես այդպիսիք՚, - հիշեցրել է դիվանագետը:
Քոչարյանը համոզված է, որ հայությունը պետք է սեփական անվտանգությունը կապի բացառապես սեփական ուժերի հետ: Արցախի հիմնախնդրի լուծումը փոխնախարարը պայմանավորում է Հայաստանի և Արցախի հզորացմամբ, միջազգային կառույցների, հասարակությունների համակարգված աշխատանքով: