Արմինֆո.ԱՄՆ Հայաստանին կօգնի գնահատել Բյուրականի և <<Խոսրովի անտառ> արգելոցի հրդեհների վնասը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա ասելով, հարկավոր է պարզել Բյուրականի մերձակայքում հրդեհի վնասի մակերեսը: Հրդեհն արդեն, գործնականում, լիովին մարվել է, սակայն առկա են մասամբ կամ լիովին պահպանվող օջախներ: Նախնական տվյալների համաձայն, Բյուրականում այրվել է 20 հա տարածք:
Ինչպես նշել է Մինասյանը, սեպտեմբերի 7-ին Հայաստան կժամանեն ԱՄՆ անտառային ծառայության մասնագետներ, որոնք կօգնեն գնահատել վնասը <<Խոսրովի անտառ>> արգելոցում, որտեղ այրվել է շուրջ 2 հազար հեկտար անտառ: <<ԱՄՆ գործընկերները արդեն տվել են մոտավոր գնահատականն` ըստ արբանյակային տվյալների, սակայն, հայկական կողմի գնահատմամբ, այրվել է 1700 հա-ից քիչ ավելի>>, - ընդգծել է նախարարը, հավելելով, որ պետք է պարզել, թե ծառերի հատկապես որ տեսակներն են այրվել: Մասնավորապես, հարկավոր է ուշադրություն դարձնել գիհուտներին, որոնք բավականին դանդաղ են վերականգնվում, քանի որ մարդու միջամտությունն այստեղ պետք է լինի սահմանափակ: Եվ, վերջապես, պետք է պարզել, թե արդյոք հրդեհը չի տարածվում ծածուկ տեսքով: Արգելոցում և դրա շուրջն այրվել են տորֆաճահիճները, ուստի հրդեհը կարող էր անցնել ծառերի արմատներին, նշել է նախարարը: Արծվիկ Մինասյանի հավաստմամբ, վերականգնողական աշխատանքները հարկավոր է իրականացնել Պետբյուջեի միջոցներով, սակայն անհրաժեշտ ծախսերի սխեման դեռ չի կազմվել:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ