Արմինֆո. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ եթե հակամարտող կողմերին զենք վաճառելու նկատմամբ լիներ արգելք, ապա չէին լինի նաև «եթե ոչ մենք, ապա ուրիշները կվաճառեին զենքը» խոսակցությունները:
«Ժամանակին ռուսական կողմն ասում էր, որ եթե ինքը դա չաներ, ապա կաներ մեկ այլ պետություն: Ես առաջ քաշեցի հետևյալ գաղափարը`քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները հանդիսանում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ապա նրանք ունեն ներուժ, որպեսզի ընդհանուր արգելք դնեն որոշ երկրներին զենք մատակարարելու հարցում: Դա կլիներ հարցի լուծումը, և ոչ մի երկիր չէր կարող ասել, որ եթե ինքը չմատակարարի, ապա կգնեն ուրիշից»,-ասել է փոխնախարարը լրագրողներին ՀՀ խորհրդարանում, անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի վերջին հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը սրում է իրավիճակը և չի նպաստում հարցի կարգավորմանը, որտեղից էլ բխում է, որ Ադրբեջանին զենք մատակարարելով Ռուսաստանը չի ցանկանում Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հայտարարությանն այն մասին, որ դիտարկող խումբն ի վիճակի չէր հասկանալ, թե որտեղից են կրակել վերջին դիտարկումների ընթացքում, Քոչարյանը, մասնավորապես, հայտարարել է. «Բնականաբար, եթե հայտարարությունը հասցեավորված չէ, ապա դա Ադրբեջանին խրախուսում է նման քայլերի: Բայց իրականում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մեկուսացվում է միջազգային խաղի բոլոր կանոններից, չնայած դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է իրեն զգա հուսալի պաշտպանված: Մենք առաջին հերթին պետք է սատարենք մեր ուժերին»:
Անդրադառնալով ՀՅԴ առաջարկին, շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման առումով, Քոչարյանը նշել է. «Այդ սարքը գրանցում է ամեն ինչ, բայց պրոբլեմը տեսանյութի մեջ չէ: Ասեմ ավելին, միջնորդ երկրներն այն պետություններն են, որոնք հնարավորություն ունեն այդ ամենը դիտել նաև տիեզերքից: Բանը նրանում չէ, որպեսզի գրանցվի խախտումը, այլ լիազորված խմբի մեջ է, որը դրա հիման վրա պետք է կատարի համապատասխան եզրակացություններ: Ադրբեջանը համաձայնվել է այդ մեխանիզմների ներդրմանը, բայց մինչ օրս խոչընդոտում է դրա իրականացմանը»,-եզրափակել է Քոչարյանը: