Արմինֆո. ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալն ապտակ էր Եվրոպային, գտնում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե ինչպես կարող է Հայաստանն օգտագործել այդ իրավիճակը, Քոչարյանը պատասխանել է. «Եկեք լինենք անկեղծ: Մենք ներկա ենք դատական նիստի, և դուք հարցնում եք, թե ինչ քայլ կարող ենք ձեռնարկել: Իրականում դա ոչ այլ ինչ է, եթե ոչ`դատ – փոխաբերական իմաստով, ոչ իրավական տեսանկյունից: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, վկայում է այն մասին, որ համբերության բաժակը լցվել է»: Նա նաև նշել է, որ մարդիկ թուլացել են, անգամ եվրոպական պաշտոնյաները չեն կարողանում չգայթակղվել: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կոռուպցիոն սկանդալին խառնված են այն խորհրդարանականները, որոնց լիազորություններն արդեն վերջանում են, և որոնք վերընտրվելու շանսեր այլևս չունեն:
Քոչարյանը պատահական չի համարում նաև այն, որ Ադրբեջանը բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրում է Հայաստանին: «Ինչ տեղի է ունենում`մեղավոր են հայերը: Ասում են, որ Ալիևի ընտանիքը դրա հետ կապ չունի, բայց չեն հերքում այդ փաստը: Դա նրանց պաշտոնական պատասխանն է: Ստացվում է, որ մի երկրում, որտեղ ամեն ինչ գտնվում է կոշտ վերահսկողության ներքո, առանց նրանց գիտության դուրս է բերվել երեք միլիարդ»,-եզրափակել է Քոչարյանը:
Նշենք, որ նախօրեին The Guardian-ը բացահայտել էր ԵԽԽՎ-ում Բաքվի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի նոր մանրամասներ: Ինչպես գրում է The Guardian-ը, Եվրոպայի ամենահին իրավապաշտպան կառույցից պահանջում են մասշտաբային հետաքննություն անցկացնել՝ կապված ձայների կեղծման թարմ մեղադրանքների հետ, որոնք ռիսկի տակ են դնում վերջինիս հեղինակությունը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բարձր փորձառություն ունեցող 2 անձ The Guardian-ին ասել են, որ իրենք գտնում են, որ Ադրբեջանը ձայների դիմաց կաշառք է առաջարկել իրենց անդամներին: Հիշյալ մարմինը բաղկացած է ազգային խորհրդարանների 324 պատվիրակից և Ստրասբուրգում տարին 4 անգամ անցկացնում է նստաշրջաններ։ Ադրբեջանցի նախկին դիվանագետ, այժմ արդեն այլախոհ Արիֆ Մամադովը հայտարարել է, որ Եվրախորհրդում նավթով հարուստ այդ երկրի պատվիրակության անդամները 30 մլն եվրո ունեին՝ կազմակերպության ինստիտուտներում, այդ թվում ԵԽԽՎ-ում լոբինգի համար։ Ըստ որում, նա ավելացրել է, որ ադրբեջանական պատվիրակությունում «բոլորը» լսել են այդ թվի մասին: Ասվել էր, որ այդ գումարները պատվիրակության անդամներին և ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ին կաշառելու համար են»,- Մամադովի խոսքերը մեջ է բերում թերթը: