Արմինֆո. Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է հրդեհի 3 օջախ: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:
Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 71 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:
Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն, նշում է աղբյուրը: