Արմինֆո.Ազգային ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը Հայաստանի ռազմաքաղաքական գերակայություննեի թվում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը` սեպտեմբերի 4-ին ՀՅԴ կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունը և մեր գործողությունները» խորհրդաժողովում:
Փոխնախարարի հավաստմամբ, Հայաստանի ՌԱՀ արդեն տալիս է իր առաջին հաջող արդյունքը, ինչը թույլ կտա նվազեցնել կախվածությունն այլ երկրներից: Զաքարյանը նաև նշել է, որ ազգային ՌԱՀ որոշ արտադրանք արդեն ակտիվորեն կիրառվում է Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերում, մասնավորապես, նախորդ տարվա ապրիլյան մարտերում հաջողությամբ կիրառվել է Հայաստանի ՌԱՀ արտադրած ավտոմատ հրետանային հետախուզման համակարգը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հունիսի 15-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի ռազմարդյունաբերական զարգացման ծրագրին, որը բխում է 2017 թվականի հունվարին ՀՀ նախագահի հաստատած ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից: Մասնավորապես, նախատեսվում է ամրապնդել ՌԱՀ դերը ՀՀ տնտեսության ինովացիոն զարգացման գործում` որպես բարձրտեխնոլոգիական բազմապրոֆիլ համակարգ, ինչպես նաև ապահովել ՌԱՀ կազմակերպությունների արտադրանքի մրցունակությունը օտարերկրյա շուկաներում: