Արմինֆո. Հայաստանը կարևորում է մասնակցությունը բոլոր միջոցառումներին, որտեղ հնարավորություն ունի արտահայտելու իր տեսակետը` անկախ դրանց անցկացման վայրից: Սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Եվրանեսթի» նիստին մասնակցելու նպատակով Բաքու կատարելիք այցին:
«Քաղաքական հարցերում մենք ամենևին պարտավոր չենք սահմանափակվել մեր տարածաշրջանով: Մենք ասելիք ունենք այդ խորհրդաժողովում, և լիովին իրավունք ունենք մասնակցելու դրա աշխատանքին: Այլ հարց է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը պահանջում է անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովում: Բաքուն հաստատել է անվտանգության այդ երաշխիքներն ապահովելու պատրաստակամությունը», - ասել է Աշոտյանը: Նա, միևնույն ժամանակ, տեղեկացրել է, որ Հայաստանը «Եվրանեսթի» 4-րդ խորհրդաժողովը 2018 թվականի փետրվարին Երևանում անցկացնելու հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Բաքվում տեղի կունենա Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի խորհրդաժողովը, որին կմասնակցի նաև Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդաժողովի թեման է «Խորհրդարանականների դերը Արևելյան գործընկերության երկրներում գենդերային հավասարության խթանման և կանանց առողջ կենսակերպի ապահովման գործում` կայուն զարգացման 5 նպատակներից 3-ի շրջանակում»: