Արմինֆո. Ադրբեջանը փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 30-ին պաշտոնական այցով Երևան ժամանած Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ մամուլի ասուլիսում` մեկնաբանելով սուբստանտիվ բանակցություններին պատրաստ լինելու վերաբերյալ Ադրբեջանի իր պաշտոնակցի հայտարարությունները:
Որպես օրինակ նալբանդյանը հիշեցրել է վերջին 10 տարում նախագահների մակարդակով 20 և ԱԳՆ մակարդակով 40 հանդիպումների մասին, որոնք իմաստազուրկ և անառարկայական են եղել: Հայաստանի արտգործնախարարի համոզմամբ, Ադրբեջանը պետք է գործով ապացուցի միջնորդների առաջարկած ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի երեք սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման պատրաստակամությունը, որոնց Հայաստանը համաձայն է: Նալբանդյանը նաև նշել է, որ եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է գնալ կարգավորման, ապա պետք է գործնականում իրագործի համանախագահող երկրների առաջարկությունները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմնաը, և անշեղորեն կատարի հրադադաի շուրջ 1994-95թթ. անժամկետ եռակողմ համաձայնագրերը: «Եվ, իհարկե, Ադրբեջանը պետք է իրագործի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցությունները շարունակել համանախագահների առաջարկությունների հիման վրա, ապա չպետք է վկայակոչի միայն այն կետերը, որոնք իրեն դուր են գալիս` ներկայացնելով դրանց նենգափոխված տարբերակները: Համանախագահները բազմիցս ընդգծել են, որ բոլոր սկզբունքները հավասարազոր են, և չի կարելի ուշադրությունը սևեռել դրանցից մեկի վրա կամ նվաստացնել մյուսի կարևորությունը», - ասել է Նալբանդյանը:
Նալբանդյանի ասելով, Հայաստանը կշարունակի ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, և եթե Ադրբեջանը ցանկանում է դրան միանալ, պետք է հաստատի հավատարմությունը վերը թվարկված սկզբունքներին: