Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: «Ուրախ եմ ողջունելու Ձեզ մեր նախարարությունում: Հայ-ամերիկյան գործակցության բավական հաջող փորձ ունենք հատկապես ՏՏ ոլորտում, ուրախալի է տեսնել ամերիկյան մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև հայկական ընկերությունների հաջողությունները ամերիկյան շուկայում: Համոզված եմ, որ այս ոլորտում երկկողմ փոխգործակցությունը շարունակվելու է և ավելի է ամրապնդվելու»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:Նախարարը նաև հույս է հայտնել` Հայաստանում ապագայում տեսնել նաև ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունները:
«Մենք ամուր երկկողմ հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտում, ինչպիսիք են հաղորդակցությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տրանսպորտը: Մշտապես ուրախալի է տեսնել Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը: Հուսով եմ, որ դեսպանատան թիմն ու ձեր անձնակազմը կշարունակեն համատեղ աշխատել` առավել զարգացնելու այս ոլորտները: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ընդլայնելու հարցում Ձեր շարունակական աջակցության համար»,- ասել է Ռիչարդ Միլսը:
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:
Արմինֆո. Արդշինբանկի գլխամասային գրասենյակում կայացել է ՀՀ բանկերի ղեկավարների հանդիպումը Նատալիա Կասպերսկայայի հետ, ով ռուսաստանյան IT-ինդուստրիայի ամենաազդեցիկ և հեղինակավոր անձանցից մեկն է, InfoWatch ընկերության նախագահը և «Կասպերսկի լաբորատորիայի» համահիմնադիրը:
Արմինֆո.Նախօրեին Երևանում իր աշխատանքներն ավարտեց Ինտերնետ կառավարման հայկական ֆորումը (ArmIGF): Այն թվով երկրորդ համաժողովն էր, որը կազմակերպել էին`ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, Ինտերնետ կառավարման խորհուրդը (IFC) և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը (ISOC AM):