Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վեց կետերի հրապարակումը, հնարավոր է, վկայում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջատար միջնորդի Ռուսաստանի դերակատարությունն իր ձեռքը վերցնելու ԱՄՆ ձգտման մասին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
«Հոգլանդի հայտարարությունը նշանակում է, որ Միացյալ Նահանգներն ակտիվացել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- նշել է փորձագետը՝ չբացառելով հնարավորությունը, որ Հոգլանդի հայտարարությունը համաձայնեցվել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի և ամերիկացի միջնորդների հետ: Նրա խոսքով, Մինսկի խբի համանախագահները հասկանում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հոկտեմբերին Նյու Յորքում կայանալիք հանդիպման հաջող ելք հնարավոր է միայն այն դեպքում, եթե ներկայացվեն պայմաններ, որոնք ընդունելի են երկու կողմերի համար: «Այդ հանդիպման նպատակը տվյալ պահին հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնումն է: Միջնորդները նաև ցանկանում են ցույց տալ կողմերին, որ կա տարբերակ, որը հարմար և ընդունելի է վերջիններիս համար: Այսպիսով, Հոգլանդի ևս մեկ և, թերևս, գլխավոր նպատակն էր՝ ցույց տալ, որ խաղաղ կարգավորում հնարավոր է, և դրդել կողմերին բանակցային գործընթացի վերսկսման»,- ամփոփել է փորձագետը:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը /նրա փոխարեն կնշանակվի Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնդրյու Շեֆերը- խմբ./ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,- նշել է համանախագահը:
Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերի վերաբերյալ վերջնագիր չէ, գտնում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի հեռացող համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական կետերի հրապարակումը Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նախօրեին կայացած հանդիպման հետ կապված չէ և ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամով պայմանավորված չէ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ նոր բան չի ասել:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: