Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր նպատակ ունեն ոչ այնքան հասնել համաձայնության ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, որքան թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում շփման գծում: Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` օգոստոսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա ասելով, միջնորդները տվյալ փուլում շատ լավ հասկանում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի մասին անհնար է խոսել այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Բաքվի քաղաքականությունը չի փոխվել: Ինչպես կարծում է փոխարտգործնախարարը, Ադրբեջանը երբեք չի հրաժարվել հակամարտության ռազմական լուծումից և շանտաժի քաղաքականությունից: «Շփման գծում այսօրվա հարաբերական անդորրը չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք զգոնությունը, քանի որ Ադրբեջանը հակված չէ հիմնախնդրի խաղաղ կարգավորման», - հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: