Արմինֆո.Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների Եվրոպայի հնարավոր գործողությունները Ռուսաստանում դիտարկվում են որպես դրա ինքնիշխանության թեստ, թեև, չեմ կարծում, թե Կրեմլում որևէ մեկն այդ առնչությամբ պատրանք է տածում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի և Վալդայան ակումբի փորձագետ, Al-Monitor-ի (ԱՄՆ) խմբագիր Մաքսիմ Սուչկովը:
ԵՄ-ում, և, հատկապես, նրա «լոկոմոտիվ» Գերմանիայում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու ԱՄՆ գաղափարը, ընդհանուր առմամբ, դիտարկում են քննադատաբար: Հուլիսի 31-ին Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտա Ցիպրիսը ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ԱՄՆ նոր օրինագիծը բնորոշել է որպես «միջազգային իրավունքը խախտող»: «Պատժամիջոցները շոշափում են նաև եվրոպական ձեռնարկությունները, սակայն ԱՄՆ չի կարող գերմանական ընկերություններին տուգանել այլ երկրում տնտեսական գործունեության համար», - հայտարարել է նախարարը:
«Իմ կարծիքով, Եվրոպայում դեռ հույս ունեն, որ մինչև Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծն ԱՄՆ նախագահի կողմից ստորագրելը ամերիկացիները կխորհրդակցեն եվրոպացի գործընկերների հետ: Չեմ կարծում, թե այսօր ԵՄ-ն բավականին հզոր է, որպեսզի լրջորեն դիմակայի ՆԱՏՕ-ի գծով անդրօվկիանոսյան դաշնակիցներին», - նշել է նա: Այդ լույսի ներքո փորձագետը կանխատեսում է, որ անգամ ի հեճուկս եվրոպական բիզնեսի համար պատժամիջոցներից ակնհայտ նվասի, Բրյուսելն ստիպված կլինի, այնուամենայնիվ, պաշտպանել այդ պատժամիջոցները: Եվ դա, նույնիսկ, հաշվի առնելով եվրոպացիների կողմից այն փաստի ըմբռնումն ու գիտակցումը, որ պատժամիջոցների նոր փաթեթը ոչ այլ ինչ է, քան` Ռուսաստանի հետ համատեղ եվրոպական նախագծերը կասեցնելու վատ քողարկված փորձ:
«Ընդ որում, չեմ կարող չնշել ոչ պակաս կարևոր մի փաստ. բուն ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ օրենքի ընդունումը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին: Բանն այն է, որ դրա ընդունումից հետո Մոսկվայի համար շատ ավելի դյուրին կլինի խաղալ Վաշինգտոնի և Բրյուսելի հակասությունների վրա, որոնք միանգամայն տարբեր են գնահատում նոր պատժամիջոցները», - ամփոփել է փորձագետը: