Արմինֆո.Սերժ Սարգսյանը «երբեք չի լսել Մոսկվայի պատասխանը Բաքվին սպառազինությունների վաճառքի վերաբերյալ հարցին», քանզի հասկանում է, որ դա իր անձնական բացթողումն է, որի համար ինքն ստիպված է արդարանալ, կարծում է Մերձավոր արևելքի ինստիտուտի փորձագետ Սերգեյ Սերեգիչևը:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե երբեք չի լսել Մոսկվայի պաշտոնական պատասխանը Բաքվին սպառազինությունների վաճառքի վերաբերյալ հարցին:
«Սարգսյանն Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման հարցը բարձրացնում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ: Վերջինը Բաքվին սպառազինությունների վաճառքը հիմնավորում է դրա միջոցով Բաքվին իր վերահսկողության տակ պահելու անհրաժեշտությամբ: Կարծում եմ, 2016 թվականի ապրիլյան սրացումից հետո այդ տեսանկյունի շուրջ հայտնված կասկածների ֆոնին Մոսկվան, դատելով ըստ ամենայնի, Երևանին տալիս է Ղարաբաղի սահմանի անմիջական մերձակայքում ռուսական ծանր սպառազինություններ չտեղակայելու ինչ-որ երաշխիքներ», - ենթադրել է փորձագետը:
Սերեգիչևը համոզված է, որ Հայաստանի նախագահի տրամադրության տակ կան ինչպես Մոսկվայի ու Բաքվի միջև կնքված ռազմական պայմանագրերի պատճենները, այնպես էլ տեղեկատվության ողջ ծավալը, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների ցանկը: «Հայաստանի նախագահը, պարզապես, չի ցանկանում լսել և, առավել ևս, մասնակցել այդ մատակարարումներին առնչվող քննարկումներին: Ըստ երևույթին, նա կարծում է, որ քնարկումներ ավելի քիչ կլինեն, եթե ինքը, պարզապես, ասի, որ իրեն ոչինչ հայտնի չէ Մոսկվայի պատասխանի մասին», - ամփոփել է Սերեգիչևը:
2010 թվականից ի վեր Ռուսաստանն Ադրբեջան է մատակարարել 10 մլրդ դոլարի հարձակողական սպառազինություն: Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, միայն 2010-2014թթ. Ադրբեջանի կողմից զենքի ներմուծման ծավալը 2005-2009թթ. համեմատ ավելացել է 249%-ով: Միայն 2015 թվականին Բաքուն ռազմական հոդվածներին հատկացրել է բյուջեի բոլոր հատկացումների 18%-ը` մինչև 5 մլրդ դոլար: Սպառազինությունների 85%-ն Ադրբեջանը շարունակում է ներմուծել Ռուսաստանից: