Արմինֆո.Ցեղասպանություն բառի կիրառումն արգելող օրենքն ղղված է Թուրքիայի խորհրդարանի հայ և քուրդ պատգամավորների դեմ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Հուլիսի 21-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի սահմանադրական հանձնաժողովը հավանություն է տվել օրենսդրական փաթեթին, որը խորհրդարանի պատգամավորներին արգելում է ցեղասպանություն բառի կիրառումը: «Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության մշակած փաթեթը ներառում է 18 կետ` կանոնադրական հարցեր, էթիկայի կանոններ Թուրքիայի խորհրդարանականների համար: Օրինագիծը պատիժ է սահմանում «թուրք ժողովրդի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորող» պատգամավորների համար: Ըստ դրա նախաձեռնողների, նման վիրավորանք է ցեղասպանություն եզրույթի արտաբերումը 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ: Արգելքը վերաբերում է նաև «Քուրդիստան» բառի և «քրդական գավառներ» բառակապակցության կիրառմանը: «Խախտողներին» նախատեսվում է ժամանակավորապես զրկել խորհրդարանի աշխատանքին մասնակցությունից, պահել աշխատավարձի 1/3-ը և այլն:
«2007 թվականից ի վեր, երբ Թուրքիայի խորհրդարանում հայտնվեցին նաև ընդդիմադիր պատգամավորներ, հիմնականում, քրդեր, հետո` հայեր, ամբիոնից սկսեցին հնչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթներ: Ի վերջո, ելույթներ հնչեցին Հայոց հարցի մասին, ինչն Անկարայում լրջագույն մտահոգության պատճառ դարձավ: Այդ լույսի ներքո, ես կարծում եմ, որ այդ օրենքը կոչված է լուծելու հենց այդ խնդիրը` թույլ չտալով խորհրդարանականներին խոսել այդ թեմայի շուրջ», - նշել է նա:
Թուքագետի գնահատմամբ, համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ աննախադեպ է խորհրդարանի ներսում խոսքի ազատության արգելումը` օրենքի ուժով: Միևնույն ժամանակ, նա դա նորմալ է համարում Էրդողանի Թուրքիայի համար, որտեղ ամեն ինչ և ամեն ոք բռնապետության համատարած վերահսկողության ներքո է:
«Անշուշտ, իշխանությունները նաև փորձում են ստիպել լռել հայ պատգամավորներին: Օրինակ, Գարո Փայլանի ելույթները միշտ բավականին հիմնավորված են, ուստի` համոզիչ, ամրապնդված են նրա ազգային պատկանելությամբ: Այդ ամենը լրջորեն մտահոգում է Անկարային», - նշել է նա:
Այդ լույսի ներքո, Մելքոնյանն ակնկալում է Գարո Փայլանին և Սելինա Դողանին լռեցնելու հետագա փորձեր: Սակայն, նա չի կարծում, թե Թուրքիայի իշխանություններին կհաջողվի դրան հասնել տվյալ օրենքի միջոցով: «Թուրքիայի խորհրդարանի պատերի ներսում հայկական խնդիրների, մասնավորապես, Հայոց ցեղասպանության բարձրաձայնման համար մեր հայրենակիցները միշտ այլ ուղիներ ու եղանակներ կգտնեն», - ամփոփել է թուքագետը: