Արմինֆո.Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանի տարածքում հանրապետության անվտանգության անկյունաքարն է: Հուլիսի 20-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի համոզմունք է հայտնել Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:
Նրա ասելով, այս կամ այն երկրում ռազմակայանի առկայությունը, որը հագեցած է լավ սպառազինությամբ, խոսում է այն մասին, որ այն կարող է ինչ-որ ժամանակ օգտագործվել, եթե դրանում շահագրգռված լինի այն պետությունը, որին պատկանում է ռազմական օբյեկտը: Որպես օրինակ Միհրանյանը հիշատակել է Ռուսաստանի կողմից սպառազինությունների մատակարարումները Հայաստան և Ախալքալաքի ռազմակայաններ` Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: «Ուստի, կարծում եմ, որքան շատ ռազմակայաններ և զենք լինի Հայաստանում, այդքան ավելի ձեռնտու է մեզ», - ասել է փորձագետը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքին` փորձագետը նշել է, որ դա լուրջ խնդիր է: «Տարածաշրջան, հատկապես, Ադրբեջան սպառազինության խոշոր մատակարարումների արդյունքում ստեղծվել է ուժերի հաշվեկշռի ակնհայտ խախտում: Դա ակնհայտ է նույնիսկ Ռուսաստանի համար: Նախորդ տարվա ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով եղել է այն բանի ըմբռնումը, որ տարածաշրջանում ստեղծվել է ուժերի հաշվեկշռի լուրջ խախտում, որը հարկավոր է վերացնել», - կարծում է փորձագետը: Նրա համոզմամբ, հենց դրանով է պայմանավորված մեծաքանակ սպառազինմության մատակարարումը Հայաստան` ապրիլի մարտական գործողություններից հետո: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը խիստ վերահսկողության տակ կպահի տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը պահպանելու հարցը:
Նա նաև կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքը, պարզապես, բիզնես է: Նա ընդսմին հավելել է, թե բազմիցս ընդգծվել է, որ եթե անգամ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ դադարեցնեն սպառազինության մատակարարումները տարածաշրջան, դա չի շրջափակի այլ պետություններից սպառազինություն ձեռք բերելու Ադրբեջանի հնարավորությունները, օրինակ` Իսրայելից և Պակիստանից: