Արմինֆո. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Բրյուսելում կայացած հանդիպումն ընդամենը փաստի հավաստումն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Բավականին ցուցադրական է այն փաստը, որ Ադրբեջանը չհրաժարվեց հանդիպումից, չնայած իրավիճակի սրմանը սահմանի վրա: Հակամարտության սրումն Ադրբեջանի մարտավարությունն է:
Վերջին ժամանակներս նրանց մոտ սովորույթ է դարձել բանակցությունները համակցել հակամարտության սրման հետ»,-հուլիսի 13-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ փորձագետի, Ադրբեջանը, բանակցությունները համակցելով հակամարտության սրման հետ, փորձում է Հայաստանի վրա իրականացնել ճնշումներ: «Սխալ է կարծել, որ բանակցային գործընթացը կարող է հանգեցնել հրադադարի: Ընդ որում, Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազի, հետևաբար, հայկական կողմի վրա իրականացվող ճնշումն առաջին հերթին հոգեբանական է: Սակայն, առաջիկայում չի բացառվում նաև իրավիճակի սրում»,-նշել է փորձագետը:
Ըստ վերլուծաբանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից արդյունք չկա: Բոլոր ակնկալիքները հանգեցնում են նրան, որ Ադրբեջանից սպասվում էր վստահության ամրապնդման միջոցառումների հաստատում, բայց պաշտոնական Բաքուն հուսահատորեն դիմադրում է դրան, քանի որ այդ միջոցառումների ստեղծումը կամրագրի այն իրավիճակը, որը տիրում է ներկա պահին: «Իսկ Ադրբեջանին զարգացման այդ սցենարը չի բավարարում», - ասել է Իսկանդարյանը:
Բացի այդ, քաղաքագետը նշել է նաև, որ այս պահին Արցախի Հանրապետությունը ճանաչելու ոչ մի նախադրյալ չկա, քանի որ դա կնշանակեր Մինսկի պայմանավորվածությունների փլուզումը, ինչը ներկայումս ձեռնտու չէ Երևանին: «Ներկայումս բանակցությունների նպատակը հենց բանակցություններ են, և հայկական կողմը կփորձի բանակցային գործընթացի միջոցով ճնշում գործադրել դադարեցնել Ադրբեջանի բռնությունները: Բայց այս իրավիճակում միայն քաղաքական ճնշումը բավարար չէ», - ասել է քաղաքագետը:
«Այս հակամարտությունը մեզնից բացի ոչ ոք չի կարող կարգավորել, ոչ էլ Մինսկի խումբը, կամ մեկ ուրիշը: Բայց Հայաստանի լուծուն Ադրբեջանին չի բավարարում, և հակառակը: Փոխզիջման այնպիսի տարբերակ, որը ձեռնտու կլիներ երկու կողմերին, առայժմ չկա: Այսպիսով, Ղարաբաղի հարցը կարող է բաց մնալ տասնյակ, գուցե և հարյուրավոր տարիներ », - եզրափակել է Իսկանդարյանը: