Արմինֆո. Անկարան ցանկանում է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Թուրքիայի Արդարություն և Զարգացում իշխող կուսակցության նախագահի տեղակալ, խորհրդարանական Ռավզա Քավաքչի Քանը:
«Մենք երկար պատմություն ունենք Հայաստանի հետ և ինչպես բոլոր հարևանների և դաշնակիցների հետ, մենք կցանկանայինք ավելի լավ հարաբերություններ զարգացնել»,-նշել է թուրք պատգամավորը:
Նրա խոսքով, հարաբերությունների կարգավորման համար պետք է կարգավորվի նրա բնորոշմամբ երկու երկրների հարաբերությունների առավել ակնհայտ խնդիրը՝ Հայոց ցեղասպանության հարցը, որը Քանն իր երկրի պաշտոնական դիրքորոշման համաձայն չի ճանաչում: «Կարծում եմ, կարևոր է ավելի լավ հարաբերություններ կառուցել, եթե երկու կողմերը և միջազգային պատմաբանները միասին կարողանային կարգավորել այս հարցը, այն այլևս չի խոչընդոտի մեր հարաբերությունները և թույլ կտար մեզ ակտիվացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում»,-ասել է նա:
Իսկ Թուրքիայում և Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են սառույցի հաստ շերտի տակ, քանի որ Թուրքիան, որը բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, Հայաստանը դիտարկում է որպես ռուսների և իրանցիների դաշնակից:
Նրա համոզմամբ, Միացյալ Նահանգներն այս հարցում կարող է դրական դեր խաղալ, օգնելով կողմերին բարելավել հարաբերությունները, սակայն, մոտ ժամանակները Սպիտակ տունը զբաղված է լինելու ավելի հրատապ այլ հարցերով: «Երբ ես դեսպան էի Թուրքիայում, Միացյալ Նահանգները շատ սերտ ներգրավված էր՝ փորձելով Լեռնային Ղարաբաղում կարգավորման հասնել և բարելավել հայ-թուրքական հարաբերությունները»,-ասել է դիվանագետը:
Դիվանագետի խոսքով, 100 տարի առաջ Թուրքիայի նկատմամբ Վուդրո Վիլսոնի քաղաքականությունից ի վեր Թուրքիան Ամերիկային կասկածանքով է վերաբերվում:
«Թուրքիայում գոյություն ունի հանրային մի զգացմունք, կասկած, թե Միացյալ Նահանգները անընդհատ փորձում է զրկել Թուրքիային արևի տակ իր օրինական տեղից»,-նշել է դիվանագետը: