Արմինֆո. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետ կապված նոր հայտարարություն չեն տարածել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են Վիեննայում ԵԱՀԿ մամուլի ծառայությունում՝ պատասխանելով այն հարցին, թե Կազմակերպության կայքում ինչու է բացակայում միջնորդների պաշտոնական հայտարարությունը:
ԵԱՀԿ-ում նշել են, որ նախօրեին տեղի է ունեցել միջնորդների փակ հանդիպումը: «Հանդիպման օրակարգը փակ է եղել, տեղեկատվություն չի հրապարակվել»,- հայտնել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունում:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձանագրել են, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել՝ խախտելով Ժնևյան կոնվենցիայի դրույթները:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 4-ին ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների վերաբերյալ նոր հայտարարություն են տարածել և ներկայացրել հայտարարության տեքստը: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության մեջ, մասնավորապես, ասվում է, որ «ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Մինսկի խմբի անունից ֆրանսիացի ներկայացուցչի հնչեցրած հայտարարությունում լուրջ մտահոգություն է հայտնվում հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ»: «Մենք այդ լուրջ միջադեպը համարում ենք սադրիչ քայլ, ինչը կարող է խափանել խաղաղարար ջանքերը և առաջիկա բանակցությունները: Հիշեցնում ենք կողմերին ժնևյան կոնվենցիաների առնչությամբ պարտավորությունների մասին, մասնավորապես՝ բռնի գործողությունների չդիմելու վերաբերյալ, որոնք հղի են խաղաղ բնակչության շրջանում կորուստներով: Կոչ ենք անում կողմերին լարվածության թուլացմանը և 1994-95 թթ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանմանն ուղղված լուրջ միջոցներ ձեռնարկել: ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ը նշում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների շուտափույթ վերականգնման կարևորությունը: Դա տարածաշրջանում խաղաղության, բարգավաճման և իրական հաշտեցման միակ ճանապարհն է»,- միջնորդների խոսքերը մեջ են բերում ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մինչդեռ ԵԱՀԿ պաշտոնական կայքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նոր հայտարարության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա: