Արմինֆո. ՄԱԿ-ում մտահոգված են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել բոլոր կողմերին՝ զերծ մնալ ցանկացած ռազմական գործողությունից և քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման և հետագա բռնության կանխման նպատակով:
«Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է ընդգծել 2017 թ. հունիսի 22-ի իր հայտարարությունում, մենք բոլորս մտահոգված ենք անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացմամբ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:
Դույարիքն ընդգծել է, որ բանակցությունների սեղանի շուրջ շուտափույթ վերադարձը «ձգձգվող և վտանգավոր հակամարտության» կարգավորման միակ միջոցն է
Նշենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն 60 և 82 մմ տրամաչափի հրանոթներով գնդակոծության է ենթարկել ղարաբաղյան դիրքերը: Բացի այդ, նրանք կիրառել են նաև թուրքական արտադրության TR-107 հիթիռային համակարգեր: ԼՂՀ ՊԲ զինված ուժերը ձեռնարկել են պատասխան գործողություններ, ինչի հետևանքով զոհվել է երկու ադրբեջանցի քաղաքացիական անձ, ևս մեկը վիրավորվել է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թշնամու կրակակետը գտնվում է բնակավայրի անմիջական հարևանությամբ: Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: