Արմինֆո.Հայաստանի պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար պահանջվում է վարկանիշների ազգային սանդղակ: ԱրմԻՆֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արդշինբանկի Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արտակ Արզոյանը, պարզաբանելով, որ երկրի ֆինանսական շուկայում գերակշռում են տեղական ներդրողները և փոխառուները, իսկ ներքին վարկային վարկանիշն անհրաժեշտ է որոշակի կատեգորիայի պարտքային պարտավորությունների թողարկման համար:
Նա նշել է, որ Արդշինբանկը միակն է Հայաստանի բանկերից, որն ունի երկու միջազգային գործակալությունների` Fitch Ratings և Moody's Investors Service վարկային վարկանիշները: Բայց ապագայում, երբ սկսի գործել վարկանիշների ազգային սանդղակը, որով Արդշինբանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում ֆինանսական շուկայում, կան բարձր ներդրումային վարկանիշ ստանալու բոլոր շանսերը: Իսկ առայժմ Արդշինբանկի հայացքն ուղղված է դեպի կապիտալի արտասահմանյան շուկաները:
Նա պարզաբանել է, որ ազգային սանդղակն ավելի շատ հնարավորություններ կընձեռի թողարկողի վարկունակության դիֆերենցացման առումով, քանի որ կբացառի որոշ սուվերեն ռիսկերը, մասնավորապես, դրամական միջոցների փոխանցումը պետությունից դուրս, ինչպես նաև այլ համակարգային ռիսկեր, որոնք հավասարապես բոնորոշ են տվյալ շուկայի թողարկողներին: «Ազգային սանդղակով ներքին վարկային վարկանիշները կարևոր են, քանի որ երկրի ռիսկը թույլ չի տալիս հստակ տարբերություններ անցկացնել վարկային ռիսկերի խմբերի, կամ դրանց պարտավորությունների միջև: Ստեղծված իրավիճակում ազգային վարկային վարկանիշն այնընտրանք է հանդիսանում ամենացածր վարկային ռիսկով թողարկողի վարկունակության գնահատման հարցում»,-նշել է Արզոյանը:
«Վարկանիշային գնահատականների առավելությունն արժեթղթերի շուկայումն կայանում է նրանում, որ դա ներդրողների համար թողարկողի հուսալիության կամ արժեթղթի վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում, ինչպես նաև օբյեկտիվ գնահատական: Բացի այդ, վարկանիշը խթանում է ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը, քանի որ թողարկողին թույլ է տալիս փոխառության նպատակով դիմել ոչ միայն արժեթղթերի, այլ նաև մյուս ֆինանսական շուկաներին: Բացի այդ, վարկանիշը ծառայում է գալիս որպես փոխառու կապիտալի արժեքի իջեցման գործիք, քանի որ թողարկողին թույլ է տալիս նվազեցնել տեղաբաշխման և սպասարկման ծախսերը, նպաստում տրամադրվող վարկերի պայմանների բարելավմանը: Միևնույն ժամանակ, վարկանիշն օգտագործվում է որպես կարգավորման գործիք»,-եզրափակել է Արզոյանը:
Նշենք, որ հուլիսի 4-ին Երևանում կայացած կոնֆերանսում, որը կազմակերպված էր Fitch գործակալության և ՀՀ ԿԲ կողմից, բուռն բանավեճերի ընթացքում անդրադարձ է եղել նաև վարկային վարկանիշների ազգային սանդղակի սահմանման անհրաժեշտությանը: Բայց դատելով Ռուսաստանի իրավիճակից, որտեղ Fitch Ratings-ը (դեկտեմբեր 2016 թ.) և Moody's- ը (մարտին 2016թ.) որոշել են ուժը կորցրած ճանաչել Ռուսաստանի թողարկողներին շնորհված ազգային վարկանիշները, ամենայն հավանականությամբ, Հայաստանում ազգային վարկային վարկանիշների սանդղակը քիչ հավանական է, որ հայտնվի, եթե, իհարկե, Կենտրոնական բանկը կառուցողական մոտեցում չդրսևորի այդ խնդրի լուծման հարցում:
Հիշեցնենք, որ Հայաստանում Fitch կամ Moody's վարկանիշներն ունեն միայն չորս բանկեր` Ամերիաբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և Անելիք բանկը: Ընդ որում, միայն Fitch վարկանիշն ունեն Ամերիաբանկը և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, իսկ Moody's-ի վարկանիշը`Անելիք Բանկը: Արդշինբանկն ունի թե Moody-ի և թե Fitch-ի վարկանիշները: Դրանցից միայն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը չի հանդիսանում պարտատոմսերի թողարկող, մինչդեռ Ամերիաբանկը ֆոնդային շուկայում հանդես է գալիս իր 4 թողարկումներով, Անելիք Բանկը`3 թողարկումներով, իսկ Արդշինբանկն իր արժեթղթերը տեղաբաշխում է արտաքին շուկայում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ֆոնդային շուկայում այսօրվա դրությամբ շրջանառվում են 32 թողարկողների պարտատոմսերը, որից 7 –ը բանկեր են`Արարատբանկը, Ամերիաբանկը, Յունիբանկը, Հայբիզնեսբանկը, Արմսվիսբանկը, Անելիք Բանկը և Կոնվերս Բանկը: