Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հուլիսի 4-ի երեկոյան տեղեկություն են ստացել Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝խաղաղ բնակչության շրջանում: Այդ մասին ասվում է համանախագահների՝ հուլիսի 5-ին տարածված հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: «Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում, և ոչնչի չի հանգեցնում: Հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդասիրական եղանակը կողմերի՝ բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է համանախագահների հայտարարությունում:
Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: «Կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ: