Արմինֆո. Միջազգային հանրությունը պետք է բացատրություններ պահանջի Ադրբեջանի իշխանություններից՝ կապված Բաքվի կողմից Սիրիա իսլամական գրոհայիններին սպառազինության մատակարարման և ղարաբաղյան հակամարտության գոտում սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին բուլղարական ԶԼՄ-ների հրապարակած փաստերի հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ բզրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ավելին, ընդգծել է նա, համապատասխան միջազգային ատյանները պետք է հետաքննություն անցկացնեն այդ փաստերի առնչությամբ: «Բայց ինձ համար, և նրանց, ովքեր ծանոթ են Բաքվի քաղաքականությանը, բուլղարական ԶԼՄ-ների հրապարակած տվյալներն անակնկալ չէին, քանի որ Ադրբեջանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում չեն տարբերվում Սիրիայում և Իրաքում իսլամիստների գործողություններից: Ադրբեջանցի զինվորականերն իսլամիստների նման խոշտանգում են գերիներին և ծաղրում զոհված հակառակորդի մարմինները: Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորականները խոշտանգել են Թալիշ գյուղում բնակվող ծերերին, իսկ հետո՝ սպանել նրանց: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 90-ական թթ. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ կռվել են ահաբեկչական խմբավորումներ՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ, և այդ մասին գիտեն նաև Մինսկի միջնորդները: Այնպես որ՝ գրոհայինների հետ Բաքվի կապը նորություն չէ, և մենք միշտ հայտարարել ենք, որ Ադրբեջանն ահաբեկչության պոտենցիալ բույն է տարածաշրջանում»,- հայտարարել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից այդ փաստերի անտեսումը կնպաստի համաշխարհային ահաբեկչության ծաղկմանը:
Հուլիսի 3-ին բուլղարական «Տրուդ» պարբերականը հրապարակել է թղթակից Դիլյանա Գայտանջիևայի հետաքննություն այն մասին, որ Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների անվան տակ սպառազինությունների 350 մատակարարում է իրականացրել: Ամեն անգամ դիվանագիտական հովանու ներքո տասնյակ տոննա սպառազինություն է մատակարարվել, այդ թվում՝ Սիրիայի արմատական իսլամիստների, ինչպես նաև, ենթադրաբար, քրդական ուժերի համար: Բաքվի կողմից զենքի տեղափոխումը հաստատող փաստաթղթերը բուլղարացի լրագրողուհուն են փոխանցել Anonymous Bulgaria անվան ներքո գործող հաքերները: Դրանց թվում է՝ Բուլղարիայի ԱԳՆ և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան և եվրոպական շատ երկրների, ԱՄՆ, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և ԱՄԷ միջև նամակագրությունը: Հոդվածում խոսվում է նաև Ադրբեջան սպիտակ ֆոսֆորի մատակարարման մասին, որն իբր նախատեսված է եկել Աֆղանստանի ազգային ոստիկանության համար: «2016 թ. Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ: Հայաստանը հերքել է մեղադրանքները և հայտարարել կեղծիքի մասին, քանի որ այն հիմնված էր միայն չպայթած մեկ արկի վրա, որոնք հայտնաբերել են ադրբեջանցի զինվորականները: Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերից ելնելով՝ Ադրբեջան սպիտակ ֆոսֆոր պարունակող արկեր են մատակարարվել 2015 թվականին»,- ասվում է բուլղարական պարբերականի հրապարակման մեջ: