Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 4-ի արտահերթ նիստում ձեռնամուխ է եղել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումների քննարկմանը:
ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով, ծրագրով առաջարկվում է 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողումների ծավալներն ավելացնել170 մլն խմ-ից մինչև 270 մլն խմ: Ջրի բացթողումների ավելացման համար հիմք է ծառայել այն փաստը, որ ընթացիկ տարում Ապարանի և Ազատի ջրամբարների լցվածությունը 17 մլն խմ-ով ավելի պակաս է, քան նախորդ տարի, իսկ Հրազդան գետի լցվածությունը՝ 40 մլն խմ-ով ավելի պակաս: Բացի այդ, 105 մլն խմ-ով ավելի պակաս է Ախուրյանի ջրամբարի լցվածությունը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Բնապահպանության ննախարարությունը հանդես է եկել հիդրոէներգետիկայի և գյուղատնտեսության զարգացման նպատակներով առաջիկա 3 տարում Սևանից ջրառն ավելի վաղ հաստատված 170 մլն խմ-ից մինչև 1 մլրդ խմ ավելացնելու առաջարկի դեմ: Ինչպես հայտարարել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը, Սևանա լճից չի կարելի ավելի շատ ջուր բաց թողնել՝ նույնիսկ էներգետիկ նպատակներով: «Նախարարությունը Սևանը համարում ռազմավարական ջրային աղբյուր, որն արժեքով ավելին է, քան լրացուցիչ էլեկտրաէներգիան և բերքը: Մենք պատրաստ ենք քննարկումների, բայց դրա համար առավել մանրամասն հիմնավորում պետք է լինի»,-հայտարարել է նա:
Կառավարության օրենսդրական նախաձեռնության դեմ են հանդես եկել նաև էկոլոգները: «S.O.S. Սևան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ԱԺ պատգամավորներին՝ փաստաթուղթը շրջանառությունից հանելու պահանջով: Նախաձեռնության անդամներն ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ Սևանա լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն : «Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է «Սևանա լճի մասինե ՀՀ օրենքում: ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծում նկարագրված չէ հավելյալ ջրառի ազդեցությունը Սևանա լճի վրա: Նախագիծը պատշաճ կերպով հիմնավորված չէ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ գիտական առումներով»,- նշված է նամակում: Էկոլոգները հիշեցնում են, որ 2001-2012թթ-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է 30.8 միլիոն դոլլար արժողությամբ Համաշխարհային բանկի «Ոռոգման զարգացման համակարգե վարկային ծրագիրը, որի համաձայն՝ Արաքս գետի ջուրը պետք է ուղղվեր Արարատյան դաշտի ոռոգման համակարգ: «Եթե այս ծրագիրը լիարժեք իրականացված է, ապա Սևանա լճից հավելյալ ջուր վերցնել պետք չէ, իսկ եթե առաջացել են նույն խնդիրները, ապա ինչի՞ վրա են ծախսվել վարկային գումարները»,- հարց են տալիս նրանք:
Նշենք, որ 2014 թվականին ջրառը Սևանա լճից կազմել 270 մլն խորանարդ մետր, իսկ 2015- 2016 թվականներին`170 մլն խորանարդ մետր: ՀՀ կառավարությունը 2014 թվականի հունվարի 30-ին հավանության էր արժանացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն, մինչև 2019 թվականը ոռոգման նպատակով ջրառը Սևանից կավելացվի: Ջրառի ծավալներն ամեն տարի սահմանվում են, կախված ջրի պաշարներից Արարատյան դաշտավայրի ոռոգման համակարգում: Մինչև 2019 թվականը նախատեսվում է կառուցել մի շարք ջրամբարներ, որոնք կարող են լուծել ոռոգման նպատակով ջրառի խնդիրը, ինչպես նաև կվերանա Սևանա լճից բացթողումների ավեացման անհրաժեշտությունը: