Արմինֆո. Հայաստանում այսօր 87 հազար ուսանող և 66 բուհ կա: Բարձրագույն կրթություն է ստանում շրջանավարտների 51%-ը, մինչդեռ, նորմատիվ ստանդարտների համաձայն, այդ ցուցանիշը կարող է հասնել 67%-ի: Այդ մասին ՀՀ խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, դա խիստ մտահոգիչ վիճակագրություն է: «Կան բուհեր, որտեղ 100-400 ուսանող կա: Աշխարհում ոչ մի տեղ նման բան չես հանդիպի»,-հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել բուհերի լիցենզավորման ընթացակարգում:
Նա նշել է, որ շատ բուհերում ուսումնական գործընթացները տրամաբանության շրջանակներից դուրս են: «Օրինակ՝ մանկավարժական բուհում կա «կադաստրի կառավարում» ֆակուլտետ: Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի նման երևույթներ հայկական բուհերում չլինեն»,- նշել է նախարարը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կան պատշաճ կրթություն ապահովող բուհեր:
Նա նաև մտահոգիչ է համարել խիստ բևեռացումը մասնագիտության ընտրության հարցում: Նախարարի խոսքով, բակալավրիատի շրջանավարտների 70%-ը, 2016 թ. տվյալներով, հումանիտար մասնագիտություններ է ընտրել: «Եթե արմատապես չբարելավենք վիճակը և բնական գիտությունների դոմինանտության չբերենք, ՀՀ-ն կդադարի գիտական տարածք դառնալ և սպասարկման տարածքի կվերածվի»,- ընդգծել է Մկիրտչյանը:
Բնական գիտությունների զարգացումը խթանելու նպատակով նախատեսվում է դոնորների ջանքերով ՀՀ-ում բարձրագույն որակի փոքր հետազոտական ուսումնական համակարգ ստեղծել, վերանայել կրթաթոշակների ու պետպատվերի համակարգը: Նրա խոսքով, արտոնություններ կտրամադրվեն սոցիալապես անապահով խավի ուսանողներին:
Նա հայտնել է, որ համապատասպան օրենսդրական բարեփոխումներն արդեն պատրաստ են և աշնանը կներկայացվեն Ազգային ժողով: