Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Ավստրիայի Մաուերբախ քաղաքում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Հաղորդվում է, որ երկու երկրների արտգործնախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա հուլիսի 11-ին Ավստրիայի Մաուերբախ քաղաքում:
Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով միջնորդները:
Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 30-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը հուլիսին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևն, իր հերթին, հաղորդել է, որ Ադրբեջանը համաձայնություն է տվել և պատրաստակամություն հայտնել մասնակցելու արտգործնախարարների հանդիպմանը: