Արմինֆո. Անվտանգության հարցերում Հայաստանը հույսը պետք է դնի, առաջին հերթին, սեփական ուժերի վրա: Լրագրողների հետ զրույցում այդպիսի տեսակետ է հայտնել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ռուսաստանից Ադրբեջան սպառազինության վերջին մատակարարումներին:
«Երկրորդ, պետք չէ զուր հույսեր փայփայել: Ռուսաստանն, անշուշտ, մեր դաշնակիցն է, սակայն մեկ ուրիշին առնչվող զուր հույսերը կարող են շատ հեռուն տանել` սխալ ուղղությամբ: Այդպիսին է իրականությունը: Մեր դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ բավականին հստակ է և հնչեցվել է տարբեր մակարդակներով, այդ թվում` ամենաբարձր: Սակայն, այդուհանդերձ, այդպիսին է իրականությունը: Ելնելով այդ իրականությունից` մենք մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ գործընկերների հետ», - ասել է Քոչարյանը:
Նա ընդսմին նշել է, որ զենքի շուրջ ռուս-ադրբեջանական պայմանագրերն ինչ-որ նոր բան չեն, դրանց մասին հայտնի է եղել: Փոխնախարարը նաև կոչ է արել պատրաստ լինել հարևանի (Ադրբեջանի – խմբ.) ամեն մի գործողության` ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու առնչությամբ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արժե առաջընթաց ակնկալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Քոչարյանը նշել է, որ դրա համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: «Եթե չկա համապատասխան մթնոլորտ, ապա չի կարող նաև առաջընթաց լինել բանակցություններում: Պատահական չէ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում խոսք է գնացել հենց այդ մասին, քանի որ` երբ կրակում են, աճում է լարվածությունը, դժվար է առաջ մղել բանակցային գործընթացը: Ուստի` պատահական չէ, որ մշտապես հնչում է այն թեզիսը, որ հարկավոր է, որպեսզի Ադրբեջանը հարգի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և կատարի ստանձնած պարտավորությունները: Բաքուն համառորեն հրաժարվում է դա անել: Իսկ մշտական սադրանքների պայմաններում դժվար է մտածել բանակցություններում առաջընթացի մասին», - ամփոփել է Քոչարյանը: