Արմինֆո.Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ավտոճանապարհին վթարված հայկական ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։
Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ. մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար դրամով։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է Nissan Tiida մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի): Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում, և ավտոբուսի ուղևորներից կան տուժածներ՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) և Մարգարիտա Կիրիևա (78 տ): Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: