Արմինֆո. Հայաստանն ու Հնդկաստանը շարունակում են բանակցությունները ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ, «Ազատությանե հետ զրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Դեսպանը նշել է, որ հստակ պայմանավորվածությունների ու ժամկետների մասին խոսել չի կարող, բայց համագործակցությունը տեղի կունենա իր ժամանակին:
«Այժմ կողմերը քննարկում են համագործակցությունն այս ոլորտում: Ես չունեմ որևէ հստակ ժամանակացույց, բայց դա տեղի կունենա ժամանակին՝ երկու կողմերի բանակցությունների հիման վրաե,- ասել է Սանգվանը:
Համաշխարհային բանկի տվյալներով աշխարհի յոթերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Հնդկաստանի դեսպանը վերահաստատել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում: Ի դեպ, նշենք՝ Հնդկաստանը նաև միջուկային զենք ունեցող փոքրաթիվ երկրներից մեկն է:
«Հնդկաստանը պատրաստակամ է՝ համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, մենք ունենք գերազանց երկկողմ հարաբերություններ: Նույնիսկ պաշտպանական ոլորտում մենք բաց ենք Հայաստանի հետ համագործակցելու համար: Այդ հարցն արդեն քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև, և մենք առաջ կշարժվենք՝ անելով հնարավոր ամեն ինչե,- ասել է Յոգեշվար Սանգվանը:
Նկատենք՝ Ադրբեջանին զենքի մեծածավալ մատակարարումներ է իրականացնում Հնդկաստանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Պակիստանը: Հայաստանում Հնդկաստանի դեսպանը, այդուհանդերձ, վստահեցրել է՝ Պակիստանի գործոնը հայ-հնդկական հարաբերություններում դերակատարում չունի: «Հնդկաստանն իր հարաբերությունները որևէ երկրի հետ չի կառուցում՝ հիմնվելով երրորդ գործոնի վրա: Հետևաբար, մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված չեն որևէ կողմնակի ազդեցությունից: Մենք թույլ չենք տալիս, որպեսզի երրորդ կողմերն ազդեն մեր հարաբերությունների վրա: Մենք շատ ուժեղ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այն շատ բարեկամական երկիր է մեզ համար: Մենք համագործակցել ենք միջազգային ասպարեզում և շարունակելու ենք անել դա»,- վստահեցրել է դեսպան Յոգեշվար Սանգվանը: