Արմինֆո. «Ես հասկանում եմ, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցը կարևոր նշանակություն ունի բոլոր հայերի համար»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Վերջերս թերթերից մեկում հանդիպեցի հոդվածի, որում ասվում էր, որ հայերը հիմնականում անտարբեր են վիզային ռեժիմի ազատականացման նկատմամբ: Ժպիտով եմ վերաբերում նման հայտարարություններին, քանի որ այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարները լարվածություն են առաջացնում որոշ մարդկանց մոտ»,-ասել է դեսպանը: Ըստ որում, նա, օգտվելով առիթից, շնորհավորել է ուկրաինացիներին և վրացիներին իրենց խիզախության համար, ովքեր ճիշտ որոշում կայացրեցին 2013 թվականին ու հիմա քաղում են պտուղները:
«Հավատում եմ, որ Վրաստանի և Ուկրաինայի փորձը դրական և օգտակար կլինի Հայաստանի համար»,- ասել է Սվիտալսկին: Դեսպանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է Բրյուսելում երկու կողմերի աշխատանքային հանդիպումների ընթացքում, և բանակցողների ընդհանուր տպավորությունը դրական է: «Բայց մենք պետք է հասկանանք, որ դա տեղի չի ունենա վաղը կամ առաջիկա ամիսներին, որ համբերություն է պետք: Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ հարցը շարունակում է մնալ օրակարգում: Վրաստանի և Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ վիզային ռեժիմի ազատականացմանը մոտենալու համար Հայաստանը պետք է օրենսդրական լուրջ փոփոխություններ ընդունի»,- ասել է Սվիտալսկին:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Համաձայնագիրն արագացրել է վիզաների տրամադրման գործընթացը ԵՄ երկրների հյուպատոսական կառույցներում, որոնք գտնվում են Երևանում: Մուտքի վիզայի գինը համաձայնագրի ստորագրումից հետո իջավ մինչև երեսունհինգ եվրո, նախկին` վաթսուն եվրոյի փոխարեն: Դյուրացվեց նաև մուլտիվիզաների տրամադրամն գործընթացը, որը նախկինում բարդ էր և երկարատև: Իսկ դիվանագիտական անձնագրերով ՀՀ քաղաքացիներն, ընդհանրապես, ազատվել են մուտքի վիզաների ստացման անհրաժեշտությունից: Վիզաների դյուրացման սխեման անդրադարձավ նաև ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների մնալու տևողության վրա: Այժմ այդ ժամկետը կազմում է իննսուն օր յուրաքանչյուր հարյուր ութսուն օր ժամանակահատվածի համար: