Արմինֆո.Հայաստանի համար Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան տրանսպորտային միջանցքների բացում առնվազն տեսանելի ապագայում անձամբ ես չէի կանխատեսի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Բաթումի պետական համալսարանի փիլիսոփայության դեպարտամենտի դոցենտ Գիորգի Մասալկինը:
Հուլիսի առաջին տասնօրյակում Պրահայում նախատեսված է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը:
Բանակցողների նախորդ պրահյան հանդիպումն ավարտվել էր 2011 թ. «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի վերականգնման վերաբերյալ որոշմամբ: Ինչց հետո՝ փետրվարի 8-ին, Կարասինը հայտնել էր «գործնական ոլորտում լուրջ առաջընթացի» մասին՝ նշելով, որ Վրաստանով նոր տարանցիկ միջանցքի բացման համար մնացել է վերջին՝ ամենադժվար քայլը: Դիվանագետն ընդգծել էր նաև, որ 2011 թ. համաձայնագրերի իրականացմամբ շահագրգռված են ոչ միայն Ռուսաստանը և Վրաստանը, այլ նաև՝ Հայաստանը:
«Կարծում եմ՝ առաջին հերթին այդ ճանապարհին կանգնած է Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ՝ այս ողջ տարիների ընթացքում ձևավորված բավական կայուն հասարակական-քաղաքական կոնսենսուսը: «Եվ հայտնի չէ, թե ինչպիսի լոբբիստական հնարավորություններ ու մեխանիզմներ կարող են թույլ տալ հաղթահարել այդ կոնսենսուսի հետևանքները՝ փակ հաղորդակցությունների տեսքով»,- նշել է նա:
Մասալկինն ընդգծել է, որ Հայաստանի համար սահմանի բացումը, ըստ երևույթին, Հայաստանի վարչապետի բանակցային օրակարգի հիմնական հարցերից մեկն էր վերջերս Վրաստան նրա այցի ընթացքում:
Սակայն, Թբիլիսին, ըստ նրա, առայժմ նման հարցեր լուծել պատրաստ չէ, քանի որ, իր ողջ ռացիոնալությամբ հանդերձ, օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Վրաստանից Ռուսաստան տրանսպորտային միջանցքների բացումը դեռևս հակասում է Վրաստանի ազգային շահերին:
«Հուսով եմ, որ դինամիկ գործընթացները մեր տարածաշրջանում, կփոխեն գոյություն ունեցող ստատուս-քվոն՝ թույլ տալով հասնել նոր պայմանավորվածությունների և, համապատասխանաբար, նոր հնարավորություններ ձեռք բերել: Սակայն, այսօր կանխատեսել սպասվող փոփոխությունները բավական դժվար, եթե ոչ՝ անհնար»,- ամփոփել է փորձագետը:
Ռուսաստանցի բանակցորդ Կարասինի խոսքով, կողմերը որոշել են քննարկել միայն այն հարցերը, որոնք կարելի է լուծել՝ «չանցնելով կարմիր գծերը»՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը, ինչպես նաև վերջիններիս տարածքում ռուսական զորքերի առկայությունը: Նման համակարգը թույլ կտա կողմերին շրջանցել սահմանին բեռների մաքսային ձևակերպման հարցը, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ երկիրը Ռուսաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհը հաճախ է փակվում՝ եղանակային պայմանների պատճառով: