Արմինֆո. Մինսկի միջնորդները պետք է Բաքվի ռազմատենչ կրքերը զսպելու ավելի գործուն միջոցներ ձեռնարկեն: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով տարածաշրջան այցի արդյունքների համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որը կրկին ընդհանուր կոչեր և գնահատականներ է պարունակել:
Նա նշել է, որ միջնորդները պետք է ավելի հետևողական լինեն, որպեսզի Բաքուն կատարի բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունները: «Ըստ որում, համանախագահների հայտարարության ամենագլխավոր ուղերձը, ինչպես և նախկինում, հակամարտության՝ ռազմական ճանապարհով կարգավորման անհնարինությունն էր»,- նշել է փոխխոսնակը:
Նա անդրադարձել է նաև Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը, որում վերջինս հայկական կողմին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու և նոր էսկալացիա նախաձեռնելու մեջ: Ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, Ալիևի մեթոդները հիշեցնում են Հիտլերի քաղաքական ձեռագիրը, ով մինչև ռազմական գործողություններ նախաձեռնելը մեղադրում էր Լեհաստանին, ԽՍՀՄ-ին և Մեծ Բրիտանիային սադրանքների մեջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Բաքվում իրենց բանակցություններում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների առնչությամբ, որոնք տեղի ունեցան տարածաշրջան իրենց այցի նախօրեին՝ զորքերի շփման գծում զոհերի պատճառ դառնալով: Միջնորդներն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ են արել խուսափել իրավիճակի հետագա սրացումից: Նույն ուղերձով միջնորդները դիմել են Հայաստանի ղեկավարությանը և Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանություններին: Նրանք խորհուրդ են տվել կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք թույլ կտան նվազեցնել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին»,- ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ ընդգծվում է, որ Երևանում և Բաքվում միջնորդները կոչ են արել կողմերին վերսկսել բանակցությունները՝ բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով: Նրանց համոզմամբ, դա ամուր խաղաղության ձեռքբերման միակ ճանապարհն է տարածաշրջանի բնակիչների համար, ովքեր հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց են ակնկալում: «Նախագահները քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն են հայտնել՝ ամենավիճահարույց հարցերի շուրջ փոխզիջում գտնելու նպատակով: Համանախագահները հուլիսի 3-ին կմեկնեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին այցի արդյունքների մասին տեղեկացնելու նպատակով: Նրանք նաև նախատեսում են շուտով հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի պայմաները»,-նշվում է միջնորդների հայտարարության մեջ: