Արմինֆո.«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականությունը, որն ուղեկցվում է նաև մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասվում է Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ բանաձեվում:
Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետագա զարգացման բացառիկ երաշխավորն անվտանգության միասնական համակարգն է, և հատկապես՝ հայկական զինված ուժերը: Արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականությունը և ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջորեն վտանգում են բանակցային գործընթացը, խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը և տարածաշրջանի անվտանգությունը: Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման և բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցության անհրաժեշտությունը: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային հանրությանը հետամուտ լինել շփման գծում միջադեպերի ուսումնասիրության և հետաքննության մեխանիզմների ներդրմանը, դատապարտել Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականությունը, հրաժարվելով անարդյունավետ համահարթեցման մոտեցումներից՝ հասցեական գնահատականներ տալ և նախահարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ: Փաստում ենք արտաքին քաղաքականության ոլորտում և միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը: Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության և միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման և հանդուրժողականության անհրաժեշտությունը: Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը: Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցությունների ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը՝ ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ: Առաջարկում ենք Սփյուռքի մյուս երկու ավանդական կուսակցություններին հետագայում միանալ այս համաժողովի աշխատանքներին»: Հայտարարության տակ ստորագրել է Հայաստանի և Արցախի 20 կուսակցություն: