Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նախօրեին արած այն հայտարարությունը, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն ուղղված էին ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության հաստատմանը, այլ ոչ թե՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձին:
Անդրադառնալով այդ հայտարարությանը՝ Հաջիևը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մեղադրել է անիրազեկության մեջ: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ԱԳՆ կամ ծանոթ չէ Հելսինկիի եզրափակիչ ակտին և ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերին կամ նրանք դիտավորյալ աղավաղում են դրանց էությունը: Ոչ ոք իրավունք չունի աղավաղելու ՄԱԿ ԱԽ բանաձևերը, որոնք սկզբունքային բազա են հակամարտության կարգավորման համար, դատապարտում են Ադրբեջանի դեմ ուժի կիրառումը, վերջինիս տարածքների օկուպացիան, ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, վերահաստատում են միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։ Ընդգծվում է, որ ուժի կիրառմամբ պետությունների՝ միջազգային մակարդակով ճանաչված սահմանների փոփոխումն անընդունելի է: ՄԱԿ ԱԽ նշված բանաձևերում ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այդ փաստաթղթերը պահանջում են Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի անհապաղ և անվերապահ դուրս բերումը»,- Հաջիևի խոսքերը մեջ է բերում ԱՊԱ-ն:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև Հայաստանի ԱԳՆ ղեկավարին հիշեցրել է 2009 թ. հուլիսի 10-ին Ակվիլում և 2010 թ. հունիսի 26-ին Մոսկվայում համանախագահող երկրների ղեկավարների մակարդակով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունների մասին։ «Համանախագահող երկրների ղեկավարների մակարդակով արված ԵԱՀԿ ՄԽ այդ հայտարարություններում, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա մշակված տարրերի համաձայն՝ սկզբնական փուլում նախատեսվում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքները։ Հակամարտության փուլային լուծում նախատեսող նորացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը նույնպես կայանում է դրանում։ Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման էությունը և այդ փաստաթղթի էությունը, որը ներկա պահին դրված է բանակցությունների սեղանին, կայանում է հենց դրանում»,- ասել է Հաջիևը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից խոսող Հայաստանի ԱԳՆ ղեկավարը այժմ սկսկել է խոսել՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի անունից։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ավելի լավ գիտի, թե ինչու է նա ապրիլի 26-ին մեկնել Մոսկվա։ Կարող ենք ասել, որ այդ օրը՝ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են առաջարկությունները, որոնք այժմ գտնվում են բանակցությունների սեղանին։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի վերապահումները, որ իբր նա զբաղվել է երեք երկրների նախարարների մոսկովյան հանդիպման ժամանակ մի քանի առաջարկությունների բաղկացած պրես-ռելիզի նախապատրաստմամբ՝ ծիծաղելի վիճակի մեջ է դնում նրան։ Հայաստանի ԱԳՆ-ն նման անլուրջ և անօգուտ հայտարարություններով վնաս է հասցնում բանակցությունների գործընթացին»,- ասել է նա:
Նշենք, որ նախօրեին Նալբանդյանը, անդրադառնալով ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե բանակցությունների սեղանին է գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր փաստաթուղթ, նշել է, որ Մոսկվայում արտգործնախարարները որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: «Եթե որևէ տեքստ քննարկվել է, ապա դա եղել է մամուլի հաղորդագրության տեքստը, որը համաձայնեցվել է նախարարների միջև՝ եռանախագահների ներկայությամբ, որն այնուհետև նույնությամբ հրապարակվել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարությունների կողմից»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, ապա, Նալբանդյանի խոսքով, այդ բանաձևերն ընդունվում էին մեկ նպատակով՝ կանգնեցնելու ռազմական գործողությունները, խոսքը չէր գնում բանակցային գործընթացի էության մասին, այդ բանաձևերը ուղղված էին զինադադարի հաստատմանը: