Արմինֆո.Քաթարի հարցում Թուրքիայի ակտիվացումը կարևոր է նրա շահերի համար Մերձավոր Արևելքում: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է զորքեր տեղակայել տարբեր երկրներոիմ, այդ թվում նաև Մերձավոր Արևելքում, ինչը կարող է ավելի լարել իրավիճակը տարածաշրջանում: Պատասխանելով հարցին, թե թուրք-իրանական մերձեցումն ինչպես կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա`քատարյան ճգնաժամի ֆոնին, փորձագետը նշել է, որ դա Անկարայի և Թեհրանի միջև կարճաժամկետ մարտավարական համաձայնություն է և որևէ վտանգ չի ներկայացնում հայ-իրանական հարաբերություններին:
Ըստ Սաֆրաստյանի, ներկայումս շատ ավելի կարևոր են անկախ Քրդստան ստեղծելու գործընթացները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգովորումը և Հայ-Դատի հարցերը: Ըստ փորձագետի, անկախ Քրդստանի ստեղծման գործընթացն արդեն մեկնարկել է, ինչն ընդամենը ժամանակի խնդիր է: Փորձագետը նաև կանխատեսում է, որ անկախ Քրդստանի ստեղծումը տեղի կունենա սեպտամբերին կայանալիք հանրաքվեից հետո: «Բայց այն, որ առաջիկա տարիներին Իրաքի տարածքում անպայման կստեղծվի նոր քրդական պետություն, անկասկած է»,-ընդգծել է Սաֆրաստյանը, հավելելով, որ ներկայիս Իրաքի տարածքում նոր պետության ստեղծումը կարող է նախադեպ և նախադրյալ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության հարցում համաշխարհային հանրության դիրքորոշման փոփոխության առումով, հետագայում բերելով Արցախի անկախության ճանաչմանը:
Ինչ վերաբերվում է Անկարայի դիրքորոշմանը, ըստ Սաֆրաստյանի, այստեղ Թուրքիան ունի երկու տարբերակ` կամ ընդհանրապես չի խառնվում, կամ էլ փորձում է խոչընդոտել Քրդստանի ստեղծմանը: «Մանավանդ, որ այդ պետության ստեղծման դեպքում այն կարող է զբաղեցնել նաև Թուրքիայի որոշակի մասը»,-ասել է Սաֆրաստյանը: Նա համոզված է, որ քրդական հարցում շատ երկրներ գնում են ԱՄՆ և Իսրայելին դեմ և գաղտնի բանակցում քրդերի հետ, քանի որ հասկանում են, որ նոր Քրդստանը մեծ կշիռ կարող է ունենալ Մերձավոր Արևելքում:
Սաֆրաստյանը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հակասությունը կտրուկ բարձրացնել է լարվածությունը տարածաշրջանում, շատ երկրներ գտնվում են քաղաքացիական պատերազմի վիճակում, քանի որ անկած Քրդստանի ստեղծումը կարող է հանգեցնել շահերի փոփոխությանը, ինչպես նաև ուժերի հավասարակշության վերաբաշխմանը տարածաշրջանում:
Այս ամենի համատեքստում Սաֆրաստյանը լիովին տեղին է համարում, եթե Երևանը բարձրացնի Սևրի պայմանագրի ճանաչման հարցը, որը միակ փաստաթուղթն է, որն ապացուցում է հայերի իրավունքներն Արևմտյան Հայաստանի տարածքի վրա, քանի որ Քրդստանի ձևավորումը կարող է փոխել նաև սահմանները տարածաշրջանում:
Նշենք, որ Սևրի պայմանագրով, որն ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին, Սևր քաղաքում, Թուրքիան պարտավոր է Հայաստանին վերադարձնել 103 599 քառակուսի կմ տարածք, այդ թվում, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ողջ նահանգը, Տրապիզոն վիլայեթի մեծ մասը`նավահանգստի հետ միասին: Բայց այդ որոշումն այդպես էլ չկատարվեց թուրքական իշխանությունների կողմից: