Արմինֆո.Ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում: Այդ մասին Trend-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Նշենք, որ Լիմոնովը հունիսի սկզբին այցելել էր Լեռնային Ղարաբաղ:
Իր այցի մասին խոսելիս նա ասել է, թե պատմությունը շատ պարզ է. դա իր հակաթուրքական տրամադրության դրսևորումն է: «Ես սխալ եմ համարում Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը: Ես գրել եմ բազմաթիվ համապատասխան հոդվածներ, որոնք տարբեր մարդկանց ուշադրությանն են արժանացել: Ինձ հետ կապվել են ու հրավիրել Հայաստան: Ես երբեք թուրքերին չեմ վստահել: Ռուսաստանի ողջ պատմությունը մեզ ստիպում է նրանց կասկածել. ես այլ դիրքորոշում չունեմ: Ես առաջին անգամ եմ Ղարաբաղում, սակայն ավելի վաղ եղել եմ տարբեր ինքնահռչակ հանրապետություններում», - ասել է նա:
Խոսելով այն մասին, թե ինքն ինչպես կարող է նպաստել ղարաբաղյան հարցի առաջխաղացմանը, Էդուարդ Լիմոնովն ասել է, որ Ռուսաստանում Ղարաբաղի մասին քիչ բան գիտեն, աղավաղված կարծիք ունեն խնդրի մասին: «Ես կձգտեմ գրել այդ թեմայի վերաբերյալ, առնվազն, մի քանի հոդված, իսկ հետո կտեսնենք, գուցե` ավելի ինչ-որ բան: Անկեղծ ասած` ես ինձ վրա այդպիսի ծանր պարտավորություն չեմ վերցնում` ինչ-որ բան առաջ մղել: Կարող եմ իմ կարծիքն արտահայտել թերթում», - ամփոփել է Լիմոնովը: