Արմինֆո.ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախնական տվյալներով, 2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող ՙՆիսսան Տիանա՚ մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՙՀրազդան ԲԿե ՓԲԸ՚, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է: «Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ դեպքի վայրում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված մի տղամարդ և հայտարարել, թե վրաերթ կատարելու պահին նշված ավտոմեքենայի ղեկին գտնվել է ինքը, սակայն քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է 16-17 տարեկան պատանի: Ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախաքննությամբ ստացված տվյալներն ստուգելու, ճանաչման ներկայացնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում:
Հավելենք, որ ԶԼՄ-ների վարկածի համաձայն, վրաերթը կատարել է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին` հոր ծառայողական մեքենայով: Այդ են վկայում ՃՏՊ ականատեսների հայտարարությունները, որոնց համաձայն, մեքենայի անչափահաս վարորդը վրաերթից անմիջապես հետո հանել է համարանիշները և արագ հեռացել դեպքի վայրից: Իսկ մեղայականով քննչական մարմին ներկայացած քաղաքացին քաղաքապետ Դանիելյանի վարորդն է: