Արմինֆո. Իրանի անվտանգության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Թեհրանի ահաբեկչությունների առնչությամբ:
Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ այսօր առավոտյան Թեհրանում իրականացվել է մի քանի ահաբեկչական գործողությունների փորձ: «Ահաբեկիչների խմբերից մեկը վնասազերծվել է մինչև որևէ գործողության փորձ կատարելը: Անվտանգության նախարարությունը բնակիչներին խնդրում է անհապաղ հաղորդել կասկածելի անձանց մասին», - ասվում է հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, այսօր պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի մետրոյի «Իմամ Խոմեյնի» կայարանում: Ավելի վաղ մի քանի զինված տղամարդիկ ներխուժել էին երկրի խորհրդարանի շենք, կրակ էին բացել ու մի քանի մարդու պատանդ վերցրել:
Նաև հաղորդվում է Թեհրանի հարավում այաթոլա Խոմեյնիի դամբարանում հնչած կրակոցների մասին, որտեղ նույնպես կան տուժածներ: Տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, խորհրդարանի շենքի գրավման արդյունքում զոհերի թիվը հասել է 7-ի, ևս 4 մարդ պատանդ է վերցվել: Իրանի ՆԳՆ արտակարգ նիստ է հրավիրվել: Թեհրանում գրոհների համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: