Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման մասին հրամանագիր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին կփոխարինի Վահե Ստեփանյանը:
Գործադիրի նոր ղեկավարը մայիսի 29-ին նշանակվել էր Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, այն բանից հետո, երբ մայիսի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարար: Այնուհետև կառավարության ղեկավար-նախարարի պաշտոնը վերացվեց:
Վահե Ստեփանյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի դատաբժշկական ինստիտուտում: 2011 թվականից աշխատել է որպես Երևանի քաղաքապետարանի քարտուղար, 2011-2014 թվականներին «ՀայՌուսգազպրոմ» ընկերության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար և վարչության քարտուղար: 2014-ից մինչև 2016 թվականն աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար և վարչության քարտուղար: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: