Արմինֆո.«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի հնարավորինս շատ մարդ այցելի Լեռնային Ղարաբաղ», - հայտարարել է ԼՂՀ ղեկավարի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ռուսաստանցի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովի այցն Արցախ:
«Դա մասնավոր այց է: Ցանկացած մարդ կարող է այցելել մեր երկիր, մենք ժողովրդավարական պետություն ենք և ուրախ ենք բոլոր հյուրերի գալստյանը: Կարծում եմ, որ դրանում ոչ մի վատ բան չկա», - ասել է Բաբայանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լիմոնովի այցը կարող է օրինակ դառնալ մյուս քաղաքական գործիչների համար և խթանել զբոսաշրջիկների հոսքը Լեռնային Ղարաբաղ, Արցախի ղեկավարի մամուլի քարտուղարն ասել է, թե` ժամանակը ցույց կտա: «Մենք մեր առջև քաղաքական նպատակներ չենք դրում: Դա Բաքվի առանձնաշնորհն է, այդ նրանք են անընդհատ ապրումներ ունենում, նյարդայնանում, բողոքներ հայտնում: Իսկ մենք, ընդամենը, հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ մարդիկ գան մեզ մոտ, տեղում ծանոթանան այստեղ տիրող մթնոլորտին», - եզրափակել է Բաբայանը:
Հավելենք, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղում գտնվող Էդուարդ Լիմոնովն իր այցի մասին խոսելիս ասել է, թե պատմությունը շատ պարզ է. դա իր հակաթուրքական տրամադրության դրսևորումն է: «Ես սխալ եմ համարում Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը: Ես գրել եմ բազմաթիվ համապատասխան հոդվածներ, որոնք տարբեր մարդկանց ուշադրությանն են արժանացել: Ինձ հետ կապվել են ու հրավիրել Հայաստան: Ես երբեք թուրքերին չեմ վստահել: Ռուսաստանի ողջ պատմությունը մեզ ստիպում է նրանց կասկածել. ես այլ դիրքորոշում չունեմ: Ես առաջին անգամ եմ Ղարաբաղում, սակայն ավելի վաղ եղել եմ տարբեր ինքնահռչակ հանրապետություններում», - ասել է նա:
Խոսելով այն մասին, թե ինքն ինչպես կարող է նպաստել ղարաբաղյան հարցի առաջխաղացմանը, Էդուարդ Լիմոնովն ասել է, որ Ռուսաստանում Ղարաբաղի մասին քիչ բան գիտեն, աղավաղված կարծիք ունեն խնդրի մասին: «Ես կձգտեմ գրել այդ թեմայի վերաբերյալ, առնվազն, մի քանի հոդված, իսկ հետո կտեսնենք, գուցե` ավելի ինչ-որ բան: Անկեղծ ասած` ես ինձ վրա այդպիսի ծանր պարտավորություն չեմ վերցնում` ինչ-որ բան առաջ մղել: Կարող եմ իմ կարծիքն արտահայտել թերթում», - ամփոփել է Լիմոնովը: