Արմինֆո. Երեկ երեկոյան կողաշրջված «Բոդգան» ավտոբուսի հոսպիտալացված ուղևորները դուրս են գրվել հիվանդանոցից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Մեր ունեցած տվյալներով՝ տուժած 9 ուղևորից 8-ը դուրս է գրվել հիվանդանոցից: «Մայր Աստվածածին» հիվանդանոցում մնացել է միայն մեկ երեխա, բայց նրա մոտ թեթև վնասվածքներ են: Ամենայն հավանականությամբ, նա նույնպես մոտ ժամանակներս դուրս կգրվի»,- ասել է նա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են հիվանդանոցում, իրենց մոտ շարունակում է մնալ 12-ամյա երեխա, նրա վիճակը բավարար է, նա այսօր կամ վաղը դուրս կգրվի:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ 18:00-ին, Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի սկզբնամասում, թիվ 23 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը կողաշրջվել է: Ավտոբուսի 9 ուղևոր տեղափոխվել է մայրաքաղաքի տարբեր հիվանադանոցներ, այդ թվում՝ 3 երեխա: Նախնական տվյալներով, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նա կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը: