Արմինֆո. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով: Այդ մասին հայտնել են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում՝ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցմանը:
«1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ վրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում) բոլոր երկրներում: Իսկ ինչ վերաբերում է որևէ երկրի տարածքում անմիջականորեն տրանսպորտային միջոց վարելու հետ կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացմանը (օրինակ՝ տաքսու կամ երթուղային ավտոբուսի վարորդ կամ առաքիչ աշխատելը), ապա այդ դեպքում վարորդական վկայականի կիրառության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ»,- հայտնել են Ճանապարհային ոստիկանությունում:
Նշենք, որ 2017 թ. հունիսի 1-ին ուժի մեջ է մտել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» ՌԴ դաշնային օրենքում փոփոխությունը, որն արգելում է օտարերկրացիներին աշխատել առանց ռուսական վարորդական իրավունքի: Օրենքում փոփոխության համաձայն՝ առանց ռուսական վարորդական իրավունքի վարողին այժմ սպառնում է 5000-15 000, իսկ նրա գործատուին՝ 100 000 ռուբլի տուգանք: Հիշյալ փոփոխության ուժի մեջ մտնելը բազմիցս հետաձգվել է՝ «հասարակայնության և բիզնեսի» խնդրանքով, քանի որ ներկայումս Ռուսաստանում նախկին ԽՍՀՄ երկրներից բազմաթիվ վարորդներ են աշխատում, ըստ որոՒմ՝ հայրենիքում տրված «իրավունքի» հիման վրա: Եվ որպես վարորդ աշխատանքը շարունակելու համար նրանք պետք է ստանդարտ քննություներ հանձնեն ՃԵԱՊՏ-ում: Ենթադրվում էր, որ մի քանի տարվա ընթացքում, քանի դեռ «Ճանապարհային երթևեկության անվտանության մասին» օրենքում փոփոխության կիրարկումը ձգձգվում էր, վերոհիշյալ կատեգորիայի բոլոր վարորդները, որոնց թիվը Ռուսատանում,տարբեր տվյալներով, 60 000–ից մինչև 100 000 է, սահուն կերպով վերաքննության ընթացակարգ կանցնեն, և խնդիրներ չեն ծագի թե նրանց, թե գործատուների, թե ուղևորների մոտ: Սակայն, գործնականում ամեն բան ավելի բարդ էր: Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնող Հայաստանի քաղաքացիներն արդեն լուրջ բարդությունների են հանդիպել՝ հիշյալ փոփոխության ուժի մեջ մտնելու հետ կապված, և չեն կարող շարունակել գործունեությունը Ռուսաստանի տարածքում: