Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն դժվարացել է նշել Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ժամկետը:
«Այժմ դժվար է խոսել ժամկետների մասին: Սակայն ուզում եմ ասել, որ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին կետ կա նաև համաձայնագրում (Հայաստան-ԵՄ համընդգրկուն և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիր – խմբ.), որը նախատեսվում է ստորագրել առաջիկա աշնանը: Կարող եմ միայն ասել, որ հարցն օրակարգում է», - ասել է դիվանագետը: Եվ այդ համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցման շուրջ արդեն գործող համաձայնագրին:
Նրա ասելով, հարկավոր է վերլուծել, թե ինչպես է աշխատում գործող համաձայնագրը, իսկ հետո արդեն մտածել հաջորդ փուլի մասին: «Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա մեր դեսպանության վիզաների ծառայությունը բավականին արագ է արձագանքում հայտերին: Դրանք ուսումնասիրվում են 48 ժամից էլ պակաս: Մեր մերժումների թիվն ամենափոքրն է, մենք ավելի հաճախ ենք մուլտիվիզաներ տրամադրում, քանի որ հանդես ենք գալիս մեր երկրների միջև շփումների խթանման օգտին», - եզրափակել է դիվանագետը հունիսի 1-ի մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցման շուրջ համաձայնագիրն ստորագրվել էր 2012 թվականի դեկտեմբերի 17-ին և ուժի մեջ էր մտել 2014 թվականի հունվարի 1-ին: Համաձայնագիրն արագացրել էր վիզաների տրամադրման ընթացակարգը Երևանում Եվրամիության երկրների հյուպատոսություններում: Համաձայնագրի ստորագրումից հետո վիզայի գինը կրճատվել է մինչև 35 եվրո` նախկին 60 եվրոյի դիմաց: Իսկ դիվանագիտական անձնագրեր ունեցող ՀՀ քաղաքացիներն, ընդհանրապես, ազատվում են վիզա ստանալու անհրաժեշտությունից: