Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ որոնելն ու գտնելն է, սակայն խնդրի կարգավորման վերջնական լուծումը պետք է գտնեն իրենք` կողմերը: Հունիսի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, բազմիցս հայտարարել է կողմերի միջև հանդիպում կազմակերպելու և այդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին, վերջին անգամ դա եղել է մարտին Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ: «Հենց որ ժամանակը գա, Ֆրանսիան պատրաստ է ընդունել նման հանդիպումը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ստատուս-քվոն անընդունելի է: Հարկավոր է գտնել հակամարտության շուտափույթ կարգավորում, սակայն` այնպիսին, որը գոհացնի երկու կողմերին և հիմնված լինի երեք հիմնարար սկզբունքների վրա, քանի որ ոչ համամարդկային, ոչ քաղաքական տեսանկյուններից չի կարելի երկար ապրել հրադադարի շուրջ պայմանավորվածությունների մշտական խախտման և փոխադարձ վիրավորանքների պայմաններում», - ասել է դիվանագետը:
Խոսելով միջնորդների վերջին հայտարարության մասին` Շարպանտիեն նշել է, որ, անշուշտ, այն ավելի հասցեական էր, սակայն նախորդները նույնպես հասցեական էին` եթե կարդանք տողերի միջև:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարի այն խոսքերին, թե ժամանակն է հասցեական հայտարարություններից անցնելու որոշակի գործողությունների և սանձելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, դիվանագետն ասել է. «Ես համաձայն չեմ ձեր հարցադրմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ ակտիվություն է դրսևորել հակամարտության կարգավորման գործում: Միջնորդները մշտական շփման մեջ են ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ: 10 օր հետո կկայանա միջնորդների այցը տարածաշրջան: Սակայն նաև ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ հակամարտության վերջնական լուծումը պետք է գտնեն ոչ թե միջնորդները, այլ` կողմերը»:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ռազմական օբյեկտի հրթիռակոծման առնչությամբ։ «Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել են շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական տեխնիկան։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։ Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար», - ասվում էր միջնորդների հայտարարությունում: