Արմինֆո. Պաշտոնական Բաքուն խիստ քննադատության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Իոհաննիս Կասուլիդիսի հայտարարությունը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի ասածը հակասում է միջազգային իրավունքին և Հելսինկիի եզրափակիչ ակտի և մյուս միջազգային փաստատթղթերի վերաբերյալ այդ երկրի ստանձած պարտավորություններին։ «Դա ծառայում է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիվ և օկուպացիոն քաղաքականության խրախուսմանը: Նրա խոսքերը վնասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու փորձերին: Այդ կարծիքը չի համապատասխանում Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի, որի անդամ է հանդիսանում Կիպրոսը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա հիմնված դիրքորոշումներին»,- ասել է Հաջիևը:
Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ Կիպրոսի արտաքին գործերի նախարարը նման հայտարարությամբ հակասում է ինքը իրեն։ Կցանկանայի հիշեցնել, որ ընթացիկ տարվա հունվարի 26-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդում, որպես ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահ« ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ Կիպրոսը վճռականորեն աջակցում է պետությունների տարածքային ամբողջականության, ինքիշխանության և քաղաքական անկախության սկզբունքներին։ «Կցանկանայի նշել նաև, որ Հյուսիսային Կիպրոսը հանդիսանում է տարածություն, որտեղ դարերի ընթացքում թյուրքերը ապրել են, որպես տեղաբնիկ ժողովուրդ, և նրանք ունեն ինքնորոշման իրավունք։ Կապված այն բանի հետ, որ ապահովված չէ թափանցիկություն՝ ի հայտ են գալիս նաև Կիպրոսի և Հայաստանի ռազմական համագործակցության առնչությամբ որոշ հարցեր և կասկածներ: Հուսով ենք, որ հարցը կքննարկվի՝ հակամարտության ռազմական ասպեկտների առնչությամբ Եվրամիության և ԵԱՀԿ համապատասխան դիրքորոշումների շրջանակներում»,- ասել է Հաջիևն ԱՊԱ-ին:
Նշենք, որ մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախյան և կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ և հետևողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարևոր է բարեկամ Հայաստանի համար։