Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում մասնակցել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին (ԿԳԱԾ) նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել է ծրագրի անցած ճանապարհը, ազդարարվել է «Արարատյան բակալավրիատե նոր կրթական ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, և ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները՝ Հանրապետության մարզերից և Արցախից:
Միջոցառման շրջանակներում Նախագահը շնորհակալագրեր է հանձնել Արարատյան բակալավրիատի դպրոցական ցանցի ստեղծմանը մասնակցություն բերած և առարկայական քննություններում բարձր արդյունքներ արձանագրած Արարատյան բակալավրիատի թեկնածու լավագույն դպրոցներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել բոլոր այն ուսուցիչներին ու կրթական հաստատություններին, որոնք որակավորվել են Արարատյան բակալավրիատի շրջանակում:
«Այս ծրագրի գործադրմամբ մենք կարևոր քայլ ենք կատարում դպրոցական կրթության հաստատված և բարձր միջազգային չափանիշներ ներդնելու ուղղությամբ:
Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի ապագայի համար ամենակարևորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահենք տնտեսությունը և բարձր տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ այս առումով մենք վաղուց ձևավորել ենք համաձայնություն, հասարակական կարծիք, և այդ նպատակների շուրջ այլևս մեր հասարակության մեջ տարաձայնություններ չկան:
Այսօր Արարատյան բակալավրիատի միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ իրականացնել այս վեհ և լավ նպատակը: Սա կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն մենք ներդնելու ենք մեր հանրապետությունով մեկ: Այսօր, փաստորեն, մենք ազդարարեցինք այդ աշխատանքի առաջին փուլի մեկնարկը:
Արարատյան բակալավրիատի միջոցով մենք պետք է լուծենք նաև կարևոր սոցիալական խնդիր: Ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվել նաև կրթության ոլորտում, և արդեն իսկ ձևավորվել են մի շարք դպրոցներ, որոնք վարում են շատ եռանդուն մարքեթինգային և գովազդային քաղաքականություն:
Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս գործընթացին, վերահսկենք, պետական դպրոցների շուրջ տեղի ունեցող այդ գործընթացները պետք է լինեն կրթության նախարարության, մեր հասարակության ուշադրության ամենակենտրոնում, որովհետև հաճախ այս մրցակցությունը լինում է ոչ ազնիվ, ոչ առողջ, իսկ գովազդը երբեք չպետք է կառուցվի մեկը մյուսին թերագնահատելու հենքի վրա:
Անվճար պետական դպրոց՝ բնավ չի նշանակում վատ դպրոց, իսկ վճարովի դպրոց՝ միանշանակ, չի նշանակում, որ այդ դպրոցում տալիս են անհրաժեշտ գիտելիքներ: Չափանիշներ պետք է լինեն այս ամբողջ համակարգը գնահատելու համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք օժանդակել այն ճիգերին, որ տեղի ունեն մեր մարզերում և, հատկապես, դպրոցներում, որովհետև գաղտնիք չէ, որ մեր մարզային դպրոցներն ունեն նյութատեխնիկական բազայի ավելի լուրջ խնդիր, քան Երևանի դպրոցները: Մենք այս աշխատանքը պետք է շարունակենք՝ հաստատ համոզված լինելով, որ մեր կրթական համակարգը, մեր դպրոցական համակարգը միայն Երևանի վրա հենված չէ:
Մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որ լինի մրցունակ և պահանջված՝ մրցունակ, պահանջված նաև մեր այն հայրենակիցների համար, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, և նրանք ցանկություն պետք է ունենան կրթություն ստանալ հայրենիքում՝ Հայաստանում, և սա էլ կլինի, երևի թե, հայրենադարձության բաղադրիչներից մեկը»,- մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը: